Միասին կարող ենք
կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-01 12:24
Հասարակություն

«Գազպրոմ »-ը ՀՀ-ում կստեղծի բնական գազի օպերատիվ պահուստ՝ 0.107 մլրդ խորանարդ մետր ծավալով

«Գազպրոմ »-ը ՀՀ-ում կստեղծի բնական գազի օպերատիվ պահուստ՝ 0.107 մլրդ խորանարդ մետր ծավալով

Առաջին հայացքից այս լուրը կարող է թվալ զուտ տեխնիկական։ Սակայն իրականում այն բավական խոսուն ազդակ է՝ թե՛ էներգետիկ անվտանգության, թե՛ գեոէկոնոմիկայի տեսանկյունից, ինչը հատկապես արդիական է ռուս-հայկական հարաբերություններում աճող անորոշության ֆոնին, գրում է «Сектор гор» տելեգրամյան ալիքը։

«Գազպրոմ»-ն, ըստ էության, արձանագրում է, որ հայկական ուղղությունը իր համար շարունակում է մնալ ոչ թե ծայրամասային, այլ կառավարելի և կանխատեսելի շուկա։ Պահուստի ծավալը, իհարկե, մեծ չէ՝ ռուսական ստորգետնյա գազապահեստների համեմատ, սակայն Հայաստանի համար այն լիովին զգալի է։ Սա ձմեռային պիկային բեռնվածության պայմաններում մի քանի շաբաթվա սպառման ծավալ է։ Այսինքն՝ ապահովագրություն խափանումներից, եղանակային կտրուկ փոփոխություններից և այլ չնախատեսված իրավիճակներից։

Կարևոր է ևս մեկ հանգամանք։ Պահուստը ստեղծվում է ընկերության ներդրումային պարտավորությունների շրջանակում՝ մոտ 400 մլն ԱՄՆ դոլար մինչև 2030 թվականը։ Ծրագիրը ներառում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնում, ցանցի արդիականացում, Երևանի ենթակառուցվածքների ամրապնդում։ Ըստ էության, օպերատիվ պահուստի ստեղծումը նաև ենթակառուցվածքային վերահսկողության ամրապնդման գործոն է, հետևաբար՝ Մոսկվայի գեոէկոնոմիկական ազդեցության պահպանման և խորացման գործիք։

Այս ֆոնին մատակարարումների ցուցանիշը՝ 2025 թվականին 2.3 մլրդ խորանարդ մետր, միայն ընդգծում է էներգետիկ ազդեցության մասշտաբը։ Հայաստանի գազային հաշվեկշռի գրեթե ամբողջը կապված է մեկ մատակարարի հետ։ Եվ երբ այդ մատակարարը մեծացնում է պահուստները և ներդրումներ կատարում ենթակառուցվածքներում, նա միաժամանակ նվազեցնում է համակարգային ռիսկերը և բարձրացնում իր կառուցվածքային նշանակությունը։

Արդյունքները՝

  1. Հուսալիության աճ․ նվազում են ջեռուցման սեզոնում ճգնաժամերի հավանականությունները, բարձրանում է համակարգի կայունությունը։
  2. Մեկալիքային մոդելի ամրապնդում․ բնական գազի հիմնական մատակարարը, ինչպես նաև հանրապետության գազատրանսպորտային համակարգի միակ սեփականատերն ու օպերատորը շարունակում է մնալ ռուսական ընկերությունը։ Հետևաբար, նույնիսկ մատակարարման աղբյուրների լիարժեք դիվերսիֆիկացման պարագայում, համակարգի կառուցվածքի և սակագնային քաղաքականության տրամաբանության վրա անմիջական ազդեցություն ունեցող հիմնական դերակատարը անխուսափելիորեն կմնա «Газпром Армения»-ը։ Գազատրանսպորտային համակարգի հնարավոր ազգայնացման կամ երրորդ կողմին փոխանցման վերաբերյալ դիսկուրսը, ինչպես օրինակ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեպքում, առայժմ չի ակտիվացվել՝ սպասվող բարդ սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումների պատճառով։

Այս պայմաններում Հայաստանի իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված ադրբեջանական գազի հիպոթետիկ ներմուծման մասին խոսույթը կրում է առավելապես քաղաքական-հռչակագրային բնույթ և չի ապահովվում ոչ ենթակառուցվածքային հիմքով, ոչ էլ տնտեսական նպատակահարմարությամբ։ Ռազմավարական առումով այն կատարում է բանակցային ճնշման գործիքի դեր՝ վկայելով Երևանի՝ Մոսկվայի հետ հարաբերություններում մանևրելու տարածքը ընդլայնելու փորձերի մասին։