կարևոր
166 դիտում, 19 րոպե առաջ - 2026-11-12 10:13
Հասարակություն

Փաշինյանի նյարդերը դեռ չե՞ն հասել «Գլինկա մոլի» եղբայրներին․ թիկնազորով շրջելու ավանդույթը շարունակվում է․ «Ժողովուրդ»

Փաշինյանի նյարդերը դեռ չե՞ն հասել «Գլինկա մոլի» եղբայրներին․ թիկնազորով շրջելու ավանդույթը շարունակվում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոստանում էր, որ Հայաստանում այլևս չեն լինելու թիկնազորով շրջող օլիգարխներ։ Բայց, կարծես, այդ խոստումը բոլորի վրա չի տարածվել։

«Ժողովուրդ» օրաթերթը նոր լուսանկարներ է ստացել, որոնցում երևում է, թե ինչպես են «Գլինկա մոլի» սեփականատեր համարվող եղբայրները շարունակում Երևանի կենտրոնում շրջել թիկնազորի ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ դեռ հուլիսին «Ժողովուրդը» հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են եղբայրները Սարյան փողոցի սրճարաններից մեկում ժամանակ անցկացնում, իսկ թիկնապահները նստած են առանձին սեղանի շուրջ։ Ըստ թերթի՝ նրանց թանկարժեք մեքենաները հաճախ կայանում են նաև երկրորդ գծում։

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանին դեռ այս եղբայրները չե՞ն նյարդայնացրել, ինչպես գործարար Նարեկ Նալբանդյանի դեպքում։

Նկատենք, որ Ահարոնյան եղբայրներին և նրանց թիկնազորին ասֆալտին պառկեցնելու հրահանգ մինչ օրս չի տվել Փաշինյանը։

Իսկ ովքե՞ր են այս արտոնյալների թվում հայտնված գործարարները։

«Ժողովուրդ»-ի նախկին հրապարակման համաձայն՝ պետական ռեգիստրի տվյալներով՝ Դավիթ Ահարոնյանը «Բրոք Սերվիս» և «Ռուսբայն» ընկերությունների 100 տոկոս բաժնետերն է։ Երկու ընկերություններն էլ սպասարկում են «Գլինկա մոլը»։

Նրանց անունները հանրությանը հայտնի դարձան դեռևս Հայկ Մարությանի քաղաքապետության տարիներին՝ Նոր Նորքում շինարարական խախտումներով կառուցված շինության քանդման պատմության համատեքստում։

Ավելի ուշ նրանց անունները կրկին շրջանառվեցին համայնքային հողերի և Երևանի քաղաքապետարանի հետ կապված դատական գործընթացների վերաբերյալ հրապարակումներում։ Արթուր Չախոյանը պնդումներ էր ներկայացրել այդ գործընթացների հնարավոր մեխանիզմների մասին։

Միաժամանակ, 2025 թվականին դատավորին ենթադրյալ կաշառք տալու գործով մամուլում շրջանառվել էին նաև «Գլինկա մոլի» սեփականատերերի հնարավոր առնչության մասին վարկածներ։ Գործով մեղադրյալներից մեկի հարազատը ArmLur.am-ին հայտնել էր, որ այդ անձը կապ չունի եղբայրների հետ։

Մի բան, սակայն, ակնհայտ է․ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնց համար թիկնազորով շրջելը և քաղաքի փողոցներում արտոնյալ վարքագիծ դրսևորելը կարծես սովորական կենսակերպ է։

Իսկ հեղափոխության խոստացած հավասարությունը դեռ ճանապարհին է»։

Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ «Գլինկա Մոլ»-ի սեփականատեր եղբայրները շարունակում են թիկնազորով շրջել․