կարևոր
307 դիտում, 21 րոպե առաջ - 2026-11-12 10:21
Հասարակություն

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն Ազգային ժողով է դիմել՝ պահանջելով տրամադրել ԱԺ ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի տեսախցիկների տեսագրությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Ազգային ժողով՝ պարզելու, թե արդյոք Քննչական կոմիտեից ստացել են գրություն և տրամադրել են արդյոք տեսախցիկների տեսագրությունը։ Ի պատասխան՝ Ազգային ժողովի տեղեկատվության ազատության պատասխանատու Դավիթ Օհանջանյանը հայտնել է. «Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացվող քննության շրջանակում ս. թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է Ազգային ժողովի աշխատակազմ՝ խորհրդարանում տեղադրված տեսախցիկներով արձանագրված տեսագրությունները ստանալու նպատակով: Ստացված դիմումի համաձայն՝ պահանջվող տեսագրությունները տրամադրվել են»։

Ասել է, թե քննչականն արդեն սկսել է կոնկրետ գործընթացը, և տեսագրությունները հասան քննիչներին։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը)»։