կարևոր
529 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-11 13:50
Աշխարհ

Նեթանյահուի և Թրամփի միջև Իրանի թեմայով վիճաբանություն է տեղի ունեցել

Նեթանյահուի և Թրամփի միջև Իրանի թեմայով վիճաբանություն է տեղի ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցի ընթացքում տարաձայնություններ են առաջացել Իրանի նկատմամբ հետագա քայլերի շուրջ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է իսրայելական Ynet պարբերականը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին՝ նոյեմբերի 7–8-ին, այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնություններ կային Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հարցում։ Ynet-ի աղբյուրները զրույցը բնութագրել են որպես «բարդ և լարված»։ Նրանցից մեկը տեղի ունեցածը նկարագրել է որպես «բարձր տոնով դժոխային վիճաբանություն»։

Մինչդեռ Նեթանյահուի գրասենյակը հերքել է հրապարակված տեղեկությունները՝ դրանք անվանելով «կեղծ լուրեր» և «կատարյալ անհեթեթություն»։ Միևնույն ժամանակ, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է հեռախոսազրույցի փաստը՝ ընդգծելով, որ այն «բոլորովին էլ բարդ չի եղել»։

Financial Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն ամեն օր հեռախոսազրույցներ է ունենում Թրամփի հետ՝ կոչ անելով վերսկսել պատերազմը։ ԱՄՆ նախագահն, իր հերթին, փորձում է իրավիճակը կարգավորել բանակցությունների միջոցով։

Թրամփի և Նեթանյահուի միջև նախկինում նույնպես լարված հեռախոսազրույցներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, 2026 թվականի հունիսի վերջին ԱՄՆ նախագահը խիստ քննադատության էր ենթարկել Իսրայելի վարչապետին՝ Լիբանանում հակամարտության սրման պատճառով։ Զրույցի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ Նեթանյահուն «խելքը թռցրել է», ապա հավելել. «Եթե ես չլինեի, դու հիմա բանտում նստած կլինեիր։ Ես քո հետույքն եմ փրկում։ Հիմա քեզ բոլորն ատում են։ Դրա պատճառով բոլորն ատում են Իսրայելը»։

Axios-ի տեղեկություններով՝ Թրամփը զրույցի ընթացքում «կատաղած էր» և ինչ-որ պահի բղավել էր Նեթանյահուի վրա՝ ասելով. «Էս ի՞նչ գրողի տարած բաներ ես անում»։

Վերջին շաբաթներին ամերիկյան լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր հարվածներին։ Մասնավորապես, Axios-ը հայտնել էր, որ Նեթանյահուն Թրամփի հետ զրույցի ընթացքում պահանջել է հարվածներ հասցնել Իրանին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Այդ ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին։

Իր հերթին, The New York Times-ը գրել էր, որ Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել հետախուզական տվյալներ, որոնց համաձայն՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել հակառակորդների դեմ։ Սպիտակ տան ներկայացուցիչների մի մասը, սակայն, կարծում է, որ Նեթանյահուի կառավարությունն այդ տեղեկությունների միջոցով փորձում է համոզել Թրամփի վարչակազմին վերսկսել Իրանի դեմ ռազմական հարվածները։