կարևոր
493 դիտում, 28 րոպե առաջ - 2026-11-11 14:56
Քաղաքական

Սա ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու մասին չէ, այլ աշխարհում տեղի ունեցողի վերաբերյալ ՀՀ-ում քաղաքական որոշում կայացնողների մտքի ու պատկերացումների ընթացքի մասին է․ դիտարկում

Սա ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու մասին չէ, այլ աշխարհում տեղի ունեցողի վերաբերյալ ՀՀ-ում քաղաքական որոշում կայացնողների մտքի ու պատկերացումների ընթացքի մասին է․ դիտարկում

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«Ֆինանսների նախարարը պատասխանում է ԵԱՏՄ-ից դուրս լինելու տնտեսական հետեւանքի վերաբերյալ հարցին, թե ինչ կորուստ կունենա Հայաստան, ու դրա շրջանակում «հակադարձ հարց» ձեւակերպում, թե՝ մինչեւ ԵԱՏՄ անդամ լինելը մարդիկ փող չէին փոխանցո՞ւմ արտերկրից, չէին մեկնո՞ւմ արտագնա աշխատանքի։

Այս հարցը կամ մանիպուլյատիվ է, ինչը ցավորք դարձել է ներկայիս իշխանությանը միանգամայն բնորոշ, կամ պարզապես ի ցույց է դնում, թե Հայաստանում քաղաքական պաշտոն զբաղեցնողն ինչ աստիճանի չի տիրապետում աշխարհաքաղաքական իրողություններին, միտումներին ու տրամաբանությանը։ Կամ, եթե տիրապետում է, ապա միանգամայն գիտակցված մասնակցում է Հայաստանը դրանց հորձանուտ մղելուն, ինչի հետեւանքը պետության եւ հանրության համար լինելու է ցավոտ։

Որովհետեւ, համեմատել «ՆախաԵԱՏՄ-ական» աշխարհն ու համաշխարհային տնտեսա-քաղաքական պրոցեսները ներկայումս տեղի ունեցողի հետ, նշանակում է բացարձակ անհաղորդ լինել այն պրոցեսներին, որ տեղի են ունենում այսօր աշխարհում։ Իսկ դրանք իրենցից ներկայացնում են տնտեսական խոշոր վերաբաժանումների, ֆինանսական համակարգերի վերանայում, տնտեսական ու քաղաքական ազդեցության սահմանների վերագծում։ Եվ այն հարաբերությունների ռեժիմը, որ եղել է նախկինում՝ այդ թվում ԵԱՏՄ-ից առաջ, ըստ էության դադարելու է գոյություն ունենալ, եթե չասենք, որ արդեն դադարել է գոյություն ունենալ ըստ էության։ Հետեւաբար, եթե ԵԱՏՄ-ից առաջ էլ գնում էին արտագնա աշխատանքի կամ փող էին ուղարկում այդ աշխատանքից, ապա դա բոլորովին չի նշանակում, որ առանց ԵԱՏՄ՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները, լինելու է նույնը։

Կրկնեմ, սա ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու մասին չէ, սա աշխարհում տեղի ունեցողի վերաբերյալ Հայաստանում քաղաքական որոշում կայացնողների մտքի ու պատկերացումների ընթացքի մասին է, անհամարժեք եւ վտանգավոր ընթացքի»։