կարևոր
361 դիտում, 19 րոպե առաջ - 2026-11-11 09:25
Հասարակություն

ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»

ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին դերասան, այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը 2025 թվականին ավելի քան 10 մլն դրամ եկամուտ է ստացել։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնյայի տարեկան հայտարարագիրը, պարզել՝ ինչ ունեցվածք ունի նա, որքան գումար է վաստակել պետական պաշտոնում աշխատելու ընթացքում և ինչ բիզնես ունի նրա ընտանիքը։

Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 30-ին Երևանում։ 1985-1989 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի լարային բաժնում, իսկ 1993-1998 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։

Մանուկյանի աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է եղել արվեստի և հեռուստատեսության ոլորտների հետ։ 1990-1993 թվականներին աշխատել է «Գոյ» թատրոնում՝ որպես դերասան, 1997-2022 թվականներին եղել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ։ Տարբեր տարիների աշխատել է նաև «Ա1+», «Հայրենիք» և «Արմենակոբ» հեռուստաընկերություններում՝ որպես ռեժիսոր։

2018-2019 թվականներին եղել է Երևանի ավագանու անդամ, իսկ 2019-2021 թվականներին՝ Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ 2022 թվականի հունվարի 21-ին Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։ Այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարագրում արձանագրեց, որ Արթուր Մանուկյանը երեք անշարժ գույք ունի։ Դրանցից երկուսը Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գտնվող այգետնակներ են՝ դաչաներ։ Երկուսն էլ ձեռք է բերել 2020 թվականի հունիսի 2-ին՝ գնման եղանակով։

Նրա երրորդ անշարժ գույքը Երևանում գտնվող բնակարանն է, որը ձեռք է բերել 2019 թվականի հոկտեմբերի 16-ին՝ նույնպես գնման եղանակով։

Հատկանշական է, որ երեք գույքն էլ առկա են եղել ինչպես 2025 թվականի սկզբին, այնպես էլ տարեվերջին։ Այսինքն՝ հաշվետու տարում Մանուկյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և ունեցածներից որևէ մեկը չի վաճառել։

Տրանսպորտային միջոց․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՌՀ անդամը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա՝ 2002 թվականի արտադրության TOYOTA մակնիշի։ Այն ձեռք է բերել 2010 թվականի հունվարի 13-ին։

Ավտոմեքենան առկա է եղել ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարեվերջին։ 2025 թվականին նա նոր մեքենա չի ձեռք բերել և եղածը չի օտարել։

Դրամական միջոցներ․

Պաշտոնյայի կանխիկ դրամական միջոցները 2025 թվականի սկզբին կազմել են 300 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 150 հազար դրամ։ Այսինքն՝ տարվա ընթացքում նրա հայտարարագրած կանխիկ գումարը նվազել է 150 հազար դրամով։

Բանկային հաշիվների մնացորդներ, ավանդներ, էլեկտրոնային հաշիվներ կամ կրիպտոարժույթ հայտարարագրում նշված չեն։

Եկամուտներ․

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ ամենաուշագրավը, թերևս, Արթուր Մանուկյանի տարեկան եկամուտն է։ 2025 թվականին այն կազմել է 10 մլն 322 հազար 904 դրամ։

Գումարի հիմնական մասը՝ 9 մլն 488 հազար 404 դրամը, ստացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։

Այսինքն՝ միայն ՀՌՀ-ից ստացած տարեկան աշխատավարձը բաժանելով 12 ամսվա՝ ստացվում է, որ նրա միջին ամսական վարձատրությունը կազմել է մոտ 790 հազար 700 դրամ։

Բացի այդ, Մանուկյանը Լիլիթ Ազարյանից քաղաքացիաիրավական այլ պայմանագրով ստացել է ևս 834 հազար 500 դրամ։

Արդյունքում նրա ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 10 մլն 322 հազար 904 դրամ։

Վարկային պարտավորություններ․

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարագրում արձանագրեց նաև, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Արթուր Մանուկյանն ունեցել է 1 մլն 983 հազար 934 դրամ վարկի մայր գումարի մնացորդ։

Ընտանիքի բիզնեսը․

Մանուկյանի ընտանիքի ֆինանսական պատկերի ուսումնասիրության ընթացքում ուշագրավ է նաև կնոջ՝ Արղավան Ֆարամարզիի մասնակցությունը բիզնեսում։

Հայտարարագրի համաձայն՝ նա «62 ԱՍՏԻՃԱՆ» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է։ Բաժնեմասը ձեռք է բերել 2021 թվականի փետրվարի 18-ին։ Նույն ընկերությունում զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը։

Այսինքն՝ ընկերության ամբողջ բաժնեմասը պատկանում է Արթուր Մանուկյանի կնոջը, որն էլ ղեկավարում է այն։ Ընկերությունը զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծմամբ, նախագծերի փորձաքննությամբ»։