|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների գույքային վիճակը զգալի փոփոխություններ է կրել։ Նրանց տարեկան հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետական բարձր պաշտոններ ստանձնելուց հետո նրանցից շատերը ձեռք են բերել նոր բնակարաններ, հողատարածքներ և այլ անշարժ գույք՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում։
Ստորև ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերի կողմից 2018-2024 թվականներին կատարված խոշոր գործարքների ցանկը՝ հիմնված պաշտոնական հայտարարագրերի վրա:
Արարատ Միրզոյան
Արտգործ նախարար Արարատ Միրզոյանը, ով մինչ պաշտոնը ստանձնելը 2004 թվականից ի վեր ուներ բնակարան Շենգավիթում, 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ հեղափոխությունից 5 ամիս անց բնակարան է ձեռք բերել Երևանում։ Դրանից հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին, նա ձեռք է բերել սեփական տուն Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որի ձեռքբերման արժեքը կազմել է շուրջ 112,000,000 ՀՀ դրամ:
Գևորգ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս հետևել է նույն տրամաբանությանը: 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում բնակարան ձեռք բերելուց հետո, 2022 թվականի մարտի 17-ին նա կրկին ձեռք է բերել անշարժ գույք մայրաքաղաքում: Գործարքի արժեքը կազմել է 21,017,400 ՀՀ դրամ:
Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2022-2024 թվականներին աչքի է ընկել առանձնահատուկ ակտիվությամբ։ 2022 թվականի օգոստոսին նա հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում 8,320,000 ՀՀ դրամով, իսկ 2024 թվականի մարտին՝ ևս մեկ հողամաս Իջևանում 1,215,000 ՀՀ դրամով: Նույն 2024 թվականի դեկտեմբերին նա իր ամենախոշոր գնումն է կատարել՝ ձեռք բերելով անշարժ գույք Երևանում՝ 36,323,902 ՀՀ դրամով:
Հայկ Կոնջորյան
ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի գույքային վիճակը նույնպես զգալիորեն ամրապնդվել է վերջին տարիներին: 2018 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում Նոր Նորք թաղամասում բնակարան ձեռք բերելուց հետո, 2024 թվականի հուլիսի 26-ին նա ձեռք է բերել ևս մեկ խոշոր անշարժ գույք Աբովյան քաղաքում, որի համար վճարվել է 54,000,000 ՀՀ դրամ:
Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով մինչ պաշտոնը ստանձնելը 2003 թվականից ի վեր ունի մի քանի հողամասեր Լոռու մարզում, 2019 թվականի նոյեմբերի 2-ին ձեռք է բերել բնակարան Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում: Բացի այդ, նրա 2024 թվականի հայտարարագրի համաձայն, նա փաստացի տիրապետում է Կենտրոն վարչական շրջանում գտնվող առանձնատան:
Ամփոփելով կարելի է արձանագրել մի հետաքրքիր օրինաչափություն. «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերը, որոնք տարիներ շարունակ պայքարում էին «հարուստների իշխանության» դեմ և խոստանում էին աղքատության վերացում, իշխանության գալուց հետո բավականին արագ կարողացան ձեռք բերել խոշոր անշարժ գույքեր:
Ինչպե՞ս ստացվեց, որ հենց իշխանության ղեկին հայտնվելուց հետո նրանց բարեկեցությունն այսքան արագ աճեց:
Նյութը պատրաստվել է հիմնվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (cpcarmenia.am) պաշտոնական կայքում հրապարակված պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի վրա:
Մանրամասն ՝ տեսանյութում: