|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․
«Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, հստակ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացումը և ՔՊ առաջնորդի «մաշվածության սահմանաչափը», որոշել է (կամ նրա փոխարեն են որոշել) հայտարարել իր քաղաքական հավակնությունների մասին և հրապարակել բովանդակությամբ ծրագրային հոդված, որում Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը որակել է պատրանք։
Գրիգորյանը պարզապես հավակնություն չի ներկայացնում՝ դառնալու Փաշինյանից առանձին քաղաքական դերակատար (կամ առնվազն բևեռ, որի շուրջ համախմբվելով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միանալով՝ հնարավոր կլինի ավարտին հասցնել Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետությունը վերանայելու աշխարհաքաղաքական ծրագիրը՝ Ռուսաստանին դուրս մղելու, Թուրքիայի ազդեցությունն ուժեղացնելու և հայ-իրանական սահմանին հակաիրանական սանիտարական գոտի ստեղծելու միջոցով)։ Նա նաև առաջ է քաշում ձևականորեն տրամաբանական թեզեր՝ հույս ունենալով, որ իրեն կլսեն անհրաժեշտ մայրաքաղաքներում։
Եթե Արմեն Գրիգորյանն իսկապես եվրոպական ուղղությունը պատրանք է համարում, ապա ինչո՞ւ նա հրաժարական չտվեց 2025 թվականի մարտի 26-ին, երբ Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։
Հայաստանի իշխող վերնախավը ծայրահեղ կախված է արտաքին ուժերից, և Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»։ Նրան հստակ ազդակ են ուղարկել․ «Կհամաձայնես Վլադիմիր Պուտինի պահանջներին ու փաստարկներին՝ մենք քեզ կհեռացնենք մեր գործիքի միջոցով»։
Ընդ որում, Փաշինյանի սխալներից դասեր քաղելով՝ Գրիգորյանի բերանն են դրել այնպիսի թեզեր, որոնք կարող են ավելի ռացիոնալ ընկալվել, քան ՔՊ առաջնորդի գործողությունները։
Բայց սա միայն արտաքին տեսք է․ Գրիգորյանը սեփական հայրենիքը հանձնելու գործընթացին մասնակցելու համար չէր, որ այսօր «լուսավորվեր»։
Ռուսաստանին դուրս մղելու և Իրանի դեմ պատնեշ ստեղծելու գործընթացի հովանավորներին ժամանակ է անհրաժեշտ, իսկ «X» դերակատարին «Y» դերակատարով փոխարինելը (բայց խստորեն սեփական խաղաքարտերից ընտրված մեկով), նրանց կարծիքով, կարող է այդ ժամանակը շահել Մոսկվայի և Թեհրանի հետ հարաբերություններում։
Միակ բանը, որ բացարձակապես ակնհայտ է, այն է, որ մենք մոտեցել ենք Հարավային Կովկասի դիմագիծը փոխելու օպերայի հերթական՝ երրորդ գործողությանը։ Արդեն 18 տարի է՝ այդ օպերայում յուրաքանչյուրն ունի իր դերը, իր առջև դրված խնդիրների շրջանակը, ինչպես նաև վերը նշված՝ իր «մաշվածության սահմանաչափը»»։