կարևոր
271 դիտում, 23 րոպե առաջ - 2026-11-12 13:58
Աշխարհ

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

«Եվրամիությունը նոյեմբերի 15-ին կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները», - այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադը։

«Երկուշաբթի մենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանենք՝ լրացուցիչ 150 կազմակերպության և 50 բանկի նկատմամբ», – Հադադն ասել է LCI հեռուստաալիքին։

Նա նշել է, որ կազմակերպությունների հիմնական մասն առաջարկել է Ֆրանսիան։

«Մենք կշարունակենք տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և, իհարկե, աջակցել Ուկրաինային», – հավելել է նա։

Հադադը նաև դատապարտել է Ռուսաստանի՝ նոյեմբերի 11-ին կայացրած որոշումը՝ արգելել «Le Monde» թերթի լրագրող Արիան Շեմենին, լրագրող և Մոսկվայի նախկին թղթակից Պոլ Գոգոյին, ինչպես նաև Ֆրանսիայի երկու պատգամավորների՝ Սաշա Ուլիեին և Արթյուր Դելապորտին մուտք գործել Ռուսաստան։«Սա ահաբեկման փորձ է։ Ֆրանսիան չի վախենա։ Այս պատգամավորներն ու լրագրողները պարզապես իրենց աշխատանքն են կատարում», — ասել է Հադադը։

Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն X սոցիալական ցանցում գրել էր, որ Կրեմլի կողմից սահմանված արգելքը ներկայացնելն իբրև պատասխան Ֆրանսիայից Քսենիա Ֆյոդորովայի արտաքսմանը, «հաստատում է նրա կապերը Ռուսաստանի իշխանությունների հետ»։

Ֆյոդորովան, որը նախկինում ղեկավարել է RT France-ը, հետագայում դարձել էր CNews լրատվական հեռուստաալիքի և դրան առնչվող Europe 1 ու JDNews լրատվամիջոցների հայտնի դեմքերից մեկը։ Այդ լրատվամիջոցները պատկանում են պահպանողական մագնատ Վենսան Բոլորեին։ Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրել էին ռուսական ապատեղեկատվություն տարածելու մեջ։