|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Yerkir.am-ը ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցումով ակնկալել էր տեղեկատվություն/տվյալներ 1991 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տնտեսական գործունեության, առևտրաշրջանառության և հարակից ոլորտների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված ուղղակի և անուղղակի օգուտների (եկամուտների) վերաբերյալ։
Մասնավորապես, խնդրել էինք տրամադրել առկա վերլուծությունները, վիճակագրական տվյալները կամ գնահատականները հետևյալ կետերի վերաբերյալ.
Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարից ստացված գրավոր պատասխանում, որտեղ, ի դեպ, աչալրջորեն հետևել են Փաշինյանի ադրբեջանասիրական մղումներին ու խուսափել են օգտագործել «Արցախ» տերմինը (գրել են պարզապես Ղարաբաղ), մերժել են տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ «1991-2023 թվականների ընթացքում Ղարաբաղի տարածքում իրականացված տնտեսական գործունեության, առևտրաշրջանառության և հարակից ոլորտների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված ուղղակի և անուղղակի եկամուտների (օգուտների) վերաբերյալ առանձնացված հաշվառում չի իրականացվել։ Հետևաբար, առկա չէ այնպիսի ամփոփ տեղեկատվություն, որը հնարավորություն կտար որոշել նշված տնտեսական գործունեության արդյունքում ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամուտների ընդհանուր ծավալը»։
Նախարարությունից ընդգծել են, «որ նման եկամուտների գնահատումն ինքնին պարունակում է էական մեթոդաբանական բարդություններ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի միջև ձևավորված տնտեսական, հարկային և ֆինանսական հարաբերությունների առանձնահատկություններով։
Մասնավորապես, դիտարկվող ժամանակահատվածում Ղարաբաղն ունեցել է Հայաստանի Հանրապետությունից առանձին հարկային համակարգ և իրականացրել ինքնուրույն հարկային քաղաքականություն։ Ավելին, տարիներ շարունակ Ղարաբաղում գործել են Հայաստանի Հանրապետության համեմատ առավել արտոնյալ հարկային պայմաններ, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի մասով։ Նման պայմաններում Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող որոշ տնտեսվարողների համար դիտարկվել է որպես հարկային ռեզիդենտության առավել բարենպաստ միջավայր։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի միջև բացակայել է սահմանային և մաքսային հսկողությունը, ինչի պայմաններում երկու տնտեսությունների միջև ապրանքների շրջանառությունը չի ուղեկցվել սահմանային կամ մաքսային ընթացակարգերի շրջանակում հարկային և մաքսային վճարների առանձին հաշվառմամբ ու գանձմամբ։
Միաժամանակ Ղարաբաղի և երրորդ երկրների միջև ապրանքաշրջանառությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածքով և պետական սահմանով՝ Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային իրավազորության ներքո։ Հետևաբար, այդպիսի գործարքների առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային և մաքսային եկամուտները հաշվառվել են ընդհանուր կարգով՝ առանց դրանց առանձնացման՝ ըստ Ղարաբաղի տնտեսական գործունեության հետ ունեցած առնչության»։
Նախարարությունը չի ժխտում, որ Արցախի Հանրապետությունից ՀՀ պետական բյուջեն եկամուտներ ունեցել է, պարզապես, ըստ նախարարության, «վերոգրյալ հանգամանքների համակցությունը թույլ չի տալիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներից առանձնացնել Ղարաբաղի տնտեսական գործունեության հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող մուտքերը և արժանահավատորեն գնահատել դրանց ընդհանուր ծավալը։ Ընդ որում, առանձնացված հաշվառման բացակայությունը չի նշանակում, որ նման տնտեսական գործունեությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ձևավորման վրա ազդեցություն չի ունեցել, այլ վկայում է այդ ազդեցության քանակական գնահատման համար անհրաժեշտ տվյալների բացակայության մասին։ »։
Հետաքրքիր է, որ թեպետ մենք չէինք խնդրել, բայց նախարարությունը մեզ, չգիտես ինչու, ուղարկել է ՀՀ-ից Արցախ ֆինանսական հոսքերի ուղղությամբ տվյալները, որոնք զարմանալի զուգադիպությամբ պահպանվել են, ի տարբերություն Արցախից Հայաստան ֆինանսական հոսքերի մասին տվյալների, որոնք մենք ցանկանում էինք ստանալ:
Այսպես, նախարարությունը մեզ տրամադրել է 1991-2023 թթ․ ընթացքում Արցախին հատկացված բյուջետային վարկերի մասին տվյալներ՝ բացարձակ թվերի տեսքով: Չի բացառվում, որ իշխանությունները դրանով փորձում են հանրային գիտակցության մեջ տպավորություն ստեղծել առ այն, թե, տեսեք՝ ինչ ահռելի գումարներ է ՀՀ-ն վարկերի տեսքով տրամադրել Արցախին, որոնք, ըստ գերատեսչության, չեն վերադարձվել։
Տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետությունից ՀՀ հոսած եկամուտների վերաբերյալ գոնե 10 տարվա կտրվածքով տվյալներ իսկապե՞ս չկան, թե՞ միտումնավոր է դրանք թաքցնում Արցախը թշնամուն հանձնած Փաշինյանի իշխանությունը, պետք է ասեն մասնագետները։
Մի բան, սակայն, հստակ է՝ Արցախը ոչ միայն հայրենիք է, որն արյամբ էր ազատագրվել, ոչ միայն ՀՀ-ի անվտանգության ողնաշարն էր, այլ նաև էներգետիկ, հանքարդյունաբերական, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսական արտադրանքի, այգեգործության, հսկայածավալ ցանքատարածությունների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության և տնտեսական այլ ուղղությունների անփոխարինելի ռեսուրս, որը 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում օտարվեց: