կարևոր
943 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-26 17:53
Աշխարհ

Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին ստիպել Իսրայելին դադարեցնել երկրի վրա հարձակումները

Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին ստիպել Իսրայելին դադարեցնել երկրի վրա հարձակումները

Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ վերջին ամիսներին Լիբանանի ինքնիշխան տարածքի շարունակական խախտումների համար և պահանջել է միջոցներ ձեռնարկել հարձակումները դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ բողոքը, որը տարածվել է ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների շրջանում, ներկայացնում է Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության ամենօրյա խախտումները 2025 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում՝ ընդհանուր առմամբ կազմելով 2036 խախտում։

Նախարարությունը վերահաստատել է, որ Իսրայելի գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի և 2024 թ. նոյեմբերի 26-ին ընդունված ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտումներ են։

Լիբանանի ԱԳ նախարարությունը կոչ է արել ստիպել Իսրայելին կատարել 1701 բանաձևը և ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագիրը և դուրս բերել իր ուժերը Լիբանանի տարածքից։

Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել բանակցել Իսրայելի հետ՝ «օկուպացիաները և հարձակումները դադարեցնելու նպատակով»։

Լիբանանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նամակն ուղարկվել է այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունվարի 25-ին առնվազն 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել` վեց մարդ։