կարևոր
1282 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-21 16:18
Հասարակություն

Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում ՀՀ-ին դադարեցնել հարձակումները եկեղեցու դեմ

Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում ՀՀ-ին դադարեցնել հարձակումները եկեղեցու դեմ

Christian Solidarity International-ն (CSI) իրավապաշտպան այլ կազմակերպությունների հետ, որոնք հանդես են գալիս կրոնական ազատության պաշտպանությամբ, դիմել է Հայաստանի կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքները։

Հայտարարության մեջ կազմակերպությունները և անհատները հայտնում են «խորը մտահոգություն՝ Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա աջակիցների դեմ ուժգնացող արշավի առնչությամբ»։ Ստորագրողներից են Coptic Solidarity և SOS Chrétiens d’Orient հասարակական կազմակերպությունները։

«Վերջին շաբաթների ընթացքում մենք ականատես ենք եղել, ինչպես ցույց են տալիս փաստերը, բարձրաստիճան հոգևորականների և Եկեղեցու հայտնի աջակիցների կամայական ձերբակալությունների, նրանց գույքի բռնագանձման, ինչպես նաև ոստիկանության միջամտության սրբավայրերում, ներառյալ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», – նշվում է հայտարարության մեջ։

Ձերբակալվածների թվում են՝ արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանը և գործարար Սամվել Կարապետյանը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հեռացնել Կաթողիկոսին և նոր Կաթողիկոս ընտրել կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից։ Նման գործողությունը հակասում է Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածին, որը երաշխավորում է եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը։

Հայտարարության մեջ հնչեցվում են հետևյալ պահանջները․

Անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել Սամվել Կարապետյանին, ում ձերբակալությունը չունի որևէ իրավական հիմք։

Ազատ արձակել արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանին և Բագրատ Գալստանյանին, ինչպես նաև ապահովել նրանց դեմ ներկայացված մեղադրանքների անկախ և թափանցիկ քննությունը։

Դադարեցնել ցանկացած միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, այդ թվում՝ հոգևորականների վարկաբեկման և Եկեղեցու ղեկավարությունը պետական մեխանիզմներով փոխարինելու շարունակվող փորձերը։

Դադարեցնել տնտեսական ճնշման բոլոր ձևերը, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող գույքի բռնագրավումը, վարչական հետապնդումները և խաղաղ հանրային պաշտպանության գործունեության գրաքննությունը։

Վերականգնել դատական իշխանության անկախությունը՝ ապահովելու համար, որ Հայաստանի դատարաններն այլևս չծառայեն որպես քաղաքական հետապնդման կամ գործադիր վերահսկողության գործիք։

«Խղճի, հավատքի և օրինական ընդդիմության դրսևորումները չպետք է դառնան պատժելի որևէ երկրում, որն իրեն համարում է հավատարիմ ժողովրդավարական արժեքներին»։