կարևոր
2458 դիտում, 1 օր առաջ - 2026-01-05 18:20
Հասարակություն

«Երկրի վրա խաղաղություն» նշանակում է ոչ թե վախով պայմանավորված պապանձում, այլ՝ վստահության վրա կառուցված համակեցություն. Հայր Ռուբեն

«Երկրի վրա խաղաղություն» նշանակում է ոչ թե վախով պայմանավորված պապանձում, այլ՝ վստահության վրա կառուցված համակեցություն. Հայր Ռուբեն

«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում,

խաղաղությո՜ւն՝ երկրի վրա

և հաճությո՜ւն մարդկանց միջև» (Ղուկասի ավետարան 2:14)։

Կանգնած ենք մի իրականության առջև, երբ մեր ազգային-հասարակական կյանքը խորը պառակտված է։ «Խաղաղություն» բառը հաճախ օգտագործվում է որպես լռեցնելու միջոց, «սեր» բառը՝ որպես անհամաձայնությունը մերժելու պատրվակ, իսկ «հաշտություն» հասկացությունը՝ որպես արդարության հարցերից խուսափելու ձև։ Երբ «խաղաղության» անունով խորանում է պառակտումը, և «բարեկարգության» պատրվակով խախտվում են սահմանները, այդ թվում՝ Եկեղեցու ներքին կյանքի սրբազան սահմանները, ապա հրեշտակների այս ավետիսը դատապարտող հայելի է դառնում մեր իրականության համար։

«Փառք Աստծուն բարձունքներում»՝ հիշեցնում է, որ կա արժեքային մի բարձրություն, որը չի ենթարկվում քաղաքական կամքի կամ վարչական հաշվարկի։ Երբ այդ սահմանը խախտվում է, և աշխարհիկ իշխանությունը փորձում է միջամտել այն ոլորտներին, որոնք պատկանում են խղճի և հավատքի ազատությանը, հասարակությունը կորցնում է ներքին հավասարակշռությունը։

«Երկրի վրա խաղաղություն»՝ նշանակում է ոչ թե վախով պայմանավորված պապանձում, այլ վստահության վրա կառուցված համակեցություն։ Խաղաղություն չի լինում այնտեղ, որտեղ խախտվում են սահմանները, անտեսվում է օրենքը, անարգվում է խղճի պահապան հաստատությունը։

«Մարդկանց միջև հաճություն»՝ նշանակում է միմյանց լսելու և հարգելու տրամադրություն՝ առանց թշնամական պիտակավորման, բայց նաև պատրաստակամություն պաշտպանելու սակարկման ոչ ենթակա սկզբունքները։ Հաճություն մարդկանց միջև, ասել է թե՝ սեր և հաշտություն, որը ենթադրում է միություն ճշմարտության մեջ, ոչ թե համաձայնություն՝ կեղծիքի շուրջ։

Սուրբ Ծննդյան տոնը, հետևաբար, կոչ է՝

Իշխանությանը՝ ճանաչելու իր սահմանները,

Եկեղեցուն՝ պահպանելու իր միասնությունը,

Ժողովրդին՝ չկորցնելու խիղճն ու արժանապատվությունը։

Որպեսզի հրեշտակների խոսքը դառնա ոչ թե տոնական ձևակերպում, այլ իրագործելի պատգամ, ուրեմն հարկավոր է վերադարձնել փառքը Աստծուն, խաղաղությունը՝ արդարությանը, իսկ սերն ու հաշտությունը՝ ճշմարտությանը, անհրաժեշտ է վերականգնել վստահությունը՝ օրենքի հանդեպ, հարգանքը՝ սահմանադրության հանդեպ, և հավատը՝ միմյանց հանդեպ։

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,

մեզ եւ ձեզ մեծ աւետիս։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն

Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան