կարևոր
3031 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-15 13:38
Քաղաքական

Ոչ զիջումով, ոչ վախով չի կարելի ապրել. պետք է ապրել պայքարելով

Ոչ զիջումով, ոչ վախով չի կարելի ապրել. պետք է ապրել պայքարելով

«Մեր նպատակը Ադրբեջանին դեմ հանդիման հակաադրբեջանական ցույց անելն է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով Կոռնիձորում մայիսի 20-ին հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը։

Հրանտ Մարգարյանի խոսքերով՝ հավաքը որոշել են սահմանում անցկացնել, քանի որ միջանցքը փակված է և մեր կապը խզված Արցախի հետ։ «Հայ ժողովուրդը պետք է ցույց տա իր դժգոհությունն ու անհամաձայնությունը այն ամենին, որը պարտադրվում է մեզ։ Իհարկե մի ծաղկով գարուն չի գա և մի ակցիայով բոլոր հարցերը չեն լուծվի, բայց դա մի նոր սկիզբ է, որը, կարծում եմ, կարևոր է»,- ասաց գործիչը։

Նրա արձանագրմամբ՝ Ադրբեջանը դարձրել է սովորություն, որ ամեն անգամ բանակցությունների նախօրյակին լարում է ստեղծում սահմանի վրա՝ դա օգտագործելով որպես ճնշման միջոց։ «Քանիերորդ անգամն է նույն սցենարը կրկնվում է։ Ադրբեջանը նաև մի պարզ բան է հաստատել. քանի մենք ընտրել ենք զիջման քաղաքականությունը, ուրեմն ինքն ուժով, կոնֆլիկտ հրահրելով կկարողանա իր հարցերը լուծել։ Մինչև մի տեղը չցավացնենք, այս ընթացքը շարունակվելու է»,- նշում է Հրանտ Մարգարյանը՝ ընդգծելով, որ իշխանության ցանկացած զիջողական համաձայնություն չեն ընդունելու։

«Ոչ միայն չենք նահանջելու, այլև ասում ենք, որ ինչ էլ համաձայնեք, դա անարժեք է, որովհետև մենք մեր դատից չենք հրաժարվի,մենք չենք նահանջի և Ադրբեջանը լավ օր չի տեսնի։ Ադրբեջանը անընդհատ կպարտավորվի շատ մեծ գին վճարել։ Սա այն խաղաղությունը չէ. սա ոչ մեզ պետք կլինի, ոչ իրենց, որովհետև խաղաղությունը պետք է արդարության հիմքի վրա ստեղծվի,ոչ թե պարտադրանքի։ Դա ենք ուզում ասել, որ հայ ժողովուրդը որևէ նման համաձայնության, նման պայմանագրի, նման հայտարարության հետ հաշտ չի ապրի և կընդվզի»,- ասել է գործիչը։

Անդրադառնալով Կոռնիձորի ակցիային՝ Հրանտ Մարգարյանը նշեց, որ իրականությունն օրհասական է և նման պայմաններում հայ ժողովուրդը ոչնչից չի վախենում։

«Ես կարծում եմ որ կգան, որովհետև մեր ժողովուրդը քաջ ժողովուրդ է, էդպես բաներից չի վախենա։ Մեր նպատակը խաղաղ ցույց անելն է, մենք չենք գնում արշավելու, չենք գնում հարձակվելու։ Մենք պետք է կարողանանք հասկացնել, որ այդ տեսակ բաներից վախեցող չենք։ Սա ոչ միայն բանակի և զինվորների այլ հենց ժողովրդի մակարդակով պետք է ցույց տալ։ Մենք ամենքս եթե պետք է՝ զինվոր ենք, եթե պետք է՝ մահապարտ, բայց մեր հայրենիքը չենք զիջի երբեք, չենք նահանջի, չենք վախենա չենք ընկրկի։ Կարծում եմ պահը դրան է հասել։ Վիճակն այնպիսին է, որ եթե մենք այդ վճռականությունը ցույց չտանք և այդ ձևով չարտահայտվենք, շատ բան ենք կորցնելու։ Ոչ զիջումով, ոչ վախով չի կարելի ապրել. պետք է ապրել պայքարելով»,- «Փաստինֆոյի» հետ զրույցում նշեց Հրանտ Մարգարյանը։