կարևոր
4396 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-05 12:18
Աշխարհ Տարածաշրջան

ԱՄՆ Պետդեպը հայտնել է Ֆիլիպ Ռիքերի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին

ԱՄՆ Պետդեպը հայտնել է Ֆիլիպ Ռիքերի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել է Ֆիլիպ Ռիքերի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին։

«Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ վաղվանից՝ հունվարի 5-ից, կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին։ Ավելի քան երեսուն տարի դեսպան Ռիքերը մարմնավորում էր նվիրվածություն եւ ծառայություն Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին եւ նախարարությանը, այդ թվում՝ որպես Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական եւ Լոնդոնում մեր դեսպանատան գործերի հավատարմատար»,-նշել է Փրայսը։   

Նրա խոսքով՝ դեսպան Ռիքերի՝ որպես կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի աշխատանքը «արագացրել է փոխգործակցության գործընթացը եւ օգնել է կառուցել կառուցվածքային գործընթաց անհանգիստ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»։

«Նրա ներդրումը հաստատում է այն նշանակությունը, որը Միացյալ Նահանգները տալիս է Հայաստանին եւ Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու համար երկկողմ բանակցությունների անցկացման գործում, ինչպես նաեւ մեր նպատակը՝ աջակցելու Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,-ասել է նա։

«Դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խաթարում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղ ապագային աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը: Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել երկկողմանի հիմունքներով համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, եւ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկխոսությանը նպաստելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի լուծումներ գտնելու համար»,-հավելել է Փրայսը։