կարևոր
427 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-07 16:13
Հասարակություն

Ինչպե՞ս եք որոշում, որ թուրքական լոլիկի ներկրումը բացասաբար չի ազդելու տեղական արտադրողի վրա, բայց Իրանից էժան գնով ամրան ներկրելն ազդելու է․ Թադևոս Ավետիսյան

«Գիտեք, որ թուրքական լոլիկ է ներկրվում ՀՀ։ Իմ ուսումնասիրություններով, իրենց գյուղատնտեսությունը մոտ 2-2.5 անգամ ավել պետական աջակցություն է ստանում, դրա հետևանքով երբ ջերմոցային լոլիկը սկսի վաճառվել, բոլորս էլ վստահաբար կտեսնենք, որ այդ լոլիկը գալով ճնշելու է մեր տեղական ատրադրողներին»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ այդտեղ կա մրցակցային խնդիրներ, և այդտեղ պետական կարգավորումն ոչ միայն անհրաժեշտ է, այլև՝ ուշացած։

Մինչ այդ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը զեկուցեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություները, որով առաջարկվում է մետաղական ամրանների ներմուծման պետական տուրքը 20-ապատիկի փոխարեն հասցնել 50-ապատիկ, քանի որ Իրանում պետությունը սուբսիդավորում է ամրանների արտադրությունը և այն շատ էժան է տեղական ամրանների ինքնարժեքից։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Ղազարյանն էլ ասաց, թե կառավարությունը առաջարկում է տուրքը 45-ապատիկ սահմանել՝ ելենելով Իրանում գազի սուբսիդավորման և պետական տուրքերի հաշվարկից։

Թադևոս Ավետիսյանն էլ ասաց, թե պետությունը քայլեր չի անում սպառողի շահերից ելնելով, այլապես կաջակցեր տեղական արտադրողին և մրցակցության արդյունքում ամրանը կէժանանար։ Շարունակելով խոսքը հետաքրքրվեց, թե ինչու մետաղի ամրանի  դեպքում պետությունը կարգավորում է, իսկ գյուղատնտեսության դեպքում՝ ոչ։

«Հուսամ այստեղ աշխարհաքաղաքական գործոն չկա, ասենք՝ ես երկրից մի քիչ նեղված ենք՝ լավություն անենք, էս մյուսը բարեկամ է, շատ չի նեղանա»։

Մանրամասն՝ տեսանյութում։