կարևոր
1378 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-04 16:37
Հասարակություն

Վայքի համայնքապետի հիմնած ընկերության հետ 2.7 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. «Հետք»

Վայքի համայնքապետի հիմնած ընկերության հետ 2.7 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. «Հետք»

Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 105 մլն 719 հազար դրամ է։ Պայմանագրով նախատեսված է Մարտիրոս բնակավայրում կառուցել դպրոց՝ 144 աշակերտի համար, և մանկապարտեզ՝ 80 երեխայի համար։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

«Մավշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերության հիմնադիրը Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է։ 2022 թվականին, համայնքապետ ընտրվելուց հետո, Մաթևոսյանն ընկերությունը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Մաթևոսյանը թողել է նաև ընկերության ղեկավարի պաշտոնը։ «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն է սկզբում դարձել Մերի Մարգարյանը, իսկ 2022-ի նոյեմբերից՝ Արտակ Հովհաննիսյանը։ Նա 2025 թվականի փետրվարին դարձել է «Մավշին»-ի 100% բաժնետերը։ Իսկ Մերի Մարգարյանը դարձել է «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենի օգնական։

Եվս մեկ խոշոր պայմանագիր «Մավշին» ՍՊԸ-ի հետ կնքվել է 2024-ի մայիսին։ Վայք համայնքի Արփի բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված դպրոցի և 40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման համար «Մավշին»-ը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից ստացել է 1 մլրդ 93 մլն դրամ։

2022-2025 թվականներին, երբ Մխիթար Մաթևոսյանը զբաղեցրել է Վայքի համայնքապետի պաշտոնը, տարբեր գերատեսչություններ «Մավշին» ՍՊԸ-ի հետ կնքել են 7 պայմանագիր, ընդհանուր 2 մլրդ 742 մլն դրամ արժեքով։ Այս պայմանագրերից 4-ը կնքվել են Վայքի համայնքապետարանի հետ, 2022-ին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: