Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-08-08 12:03
Հասարակություն

Կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական. օմբուդսմեն

Կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական. օմբուդսմեն

Դեռևս երկուշաբթի օրը Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստները դիմել էին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին` մասնավորապես նշելով կիզիչ արևից պաշտպանվելու հնարավորության բացակայության մասին: Ժամեր անց օմբուդսմենը պաշտոնական գրություն էր ուղարկել ոստիկանապետին:  Պաշտպանը վստահ է, որ «կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական»:

 

Ներկայացնում ենք օմբուդսմենի գրությունը` ոստիկանապետին:

 

Հարգելի պարոն Գասպարյան

 

Երևանի քաղաքապետարանի առջև նստացույցի միջոցով իրենց բողոքն արտահայտող մի խումբ քաղաքացիներ հրապարակայնորեն դիմել են մեզ և հայտնել, որ կիզիչ արևից պաշտպանության միջոցներ չթույլատրելու, լուսավորության անջատումների եղանակներով պարբերաբար հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ են գործադրվում իրենց նկատմամբ: Նստացույցի ողջ ընթացքում մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, և իմ ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ այս կապակցությամբ առանձին պնդումներ համապատասխանում են իրականությանը:

 

Այլ առիթներով արդեն հրապարակայնորեն և պաշտոնական գրություններով նշել և հիմնավորել ենք, որ խախաղ հավաքների անցկացման ընթացքում մեկ վրանի կամ մեկ հովանոցի տեղադրումը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն, եթե դա անհրաեշտ է խաղաղ ցուցարարների կյանքի և առողջության պաշտպանության համար, և եթե այդ պաշտպանիչ կառույցները որևէ կերպ չեն խոչընդոտում երթևեկությանը, անցորդների տեղաշարժմանը և պետական և այլ մարմինների անխափան գործունեությանը:

 

Խորապես մտահոգված լինելով խաղաղ հավաքի մասնակիցների առողջությամբ և անվտանգությամբ՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան պաշտոնյաներին՝ նստացույցի մասնակիցների անվտանգությունն ու առողջությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես առաջարկում եմ չխոչընդոտել մեկ վրանի կամ մեկ հովանոցի իրավաչափ տեղադրմանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև գիշերային ժամերին լուսավորության բացակայության դեպքում ուժեղացնել նստացույցի մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները:

 

Հարգանքով`

                                                                                                                           Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ