կարևոր
526 դիտում, 44 րոպե առաջ - 2026-09-12 16:12
Քաղաքական

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի երրորդ տարելիցին ընդառաջ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Կապիտոլիումում հատուկ միջոցառում կանցկացնի

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի երրորդ տարելիցին ընդառաջ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Կապիտոլիումում հատուկ միջոցառում կանցկացնի

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնում է Կապիտոլիումի բարձունքում  սեպտեմբերի 15-ին նախատեսվող միջոցառման մասին։ Այն նվիրված է Արցախի դեմ Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը սանձազերծած ռազմական ագրեսիայի երրորդ տարելիցին։

«Այդ հարձակումը, տասնամսյա շրջափակումից հետո, հանգեցրեց ավելի քան 120 000 էթնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից ցեղասպանական բնույթի էթնիկ զտմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

«ANCA-ի կողմից կազմակերպված հանրահավաք-միջոցառման  շրջանակում ելույթ կունենան ԱՄՆ սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ ընդգծելով ԱՄՆ վճռորոշ դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, հայ պատանդների անհապաղ ազատ արձակումն ապահովելու, Արցախի ցեղասպանությունը վերապրածներին օգնություն տրամադրելու և հայերի՝ Արցախ անվտանգ վերադարձին աջակցելու հարցերում։

Կապիտոլիումում կայանալիք միջոցառումը կեզրափակի ANCA-ի արևելյան և արևմտյան շրջանային կառույցների կողմից կազմակերպված երկօրյա քարոզչական այցը, որի շրջանակում ԱՄՆ երեսուն նահանգներից մայրաքաղաք կժամանեն ավելի քան 100 մասնաճյուղի ղեկավարներ և ակտիվիստներ, որոնց մասնակցությամբ միջոցառումներն ուղղված կլինեն Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների դատապարտմանն ու արդարության հաստատմանը, Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության ապահովմանը»։