կարևոր
292 դիտում, 31 րոպե առաջ - 2026-11-16 21:38
Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը հրավիրել էր խորհրդարանական լսումներ

«Հայաստան» խմբակցությունը հրավիրել էր խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։

Լսումներին մասնակցում էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Լսումները զեկույցով բացել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։ 

Նրա խոսքով լսումների ընթացքում անդրադարձ է կատարվելու ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացին, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրավական երաշխիքներին։ Նրա գնահատմամբ առերևույթ՝ թղթի վրա, Հայաստանում մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են և երաշխավորված թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային կոնվենցիաներով։ Զեկուցողը նշել է՝ ժողովրդավարությունն ու իրավական երկիրը գնահատվում են ոչ թե հռչակված նպատակներով, այլ պետական ինստիտուտների անկախության, արդարադատության և հաշվետվողականության իրական պատկերով։

Հանձնաժողովի նախագահն այնուհետև անդրադարձել է երկրում ներքաղաքական իրավիճակին, իր գնահատականները հնչեցրել մարդու իրավունքների և ազատությունների, կալանավորված անձանց հետ կապված խնդիրների, մարդու իրավունքների ոտնահարումների, քաղաքական հետապնդումների վերաբերյալ։

Լիլիթ Գալստյանը նաև մեջբերել է քննարկվող թեմայի շրջանակում միջազգային որոշ կազմակերպությունների ներկայացրած ուսումնասիրություններն ու տվյալները Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ։

Այնուհետև ելույթներ են ունեցել լսումների մասնակիցները։