կարևոր
247 դիտում, 19 րոպե առաջ - 2026-11-16 15:11
Հասարակություն

«Նոր տարվա կինո 2». սիրո, հույսի և երախտագիտության պատմություն

«Նոր տարվա կինո 2». սիրո, հույսի և երախտագիտության պատմություն

Առաջին ֆիլմից հետո «Նոր տարվա կինո»-ն վերադարձել է երկրորդ մասով՝ հանդիսատեսին ներկայացնելով նոր հերոսներ ու պատմություններ՝ պահպանելով ֆիլմի գլխավոր առանձնահատկությունները՝ ջերմությունը, հումորն ու հրաշքների հանդեպ հավատը։ Գլխավոր ռեժիսոր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված ֆիլմն այս անգամ ևս անդրադառնում է մարդկային հարաբերություններին, սիրուն, սպասումներին ու չիրականացած երազանքներին։

Նոր ֆիլմի ստեղծման գաղափարը, ինչպես պատմում է սցենարիստը, ծնվել է առաջին մասից հետո, երբ հեղինակները հասկացել են, որ իրենց ասելիքը դեռ ամբողջական չէ։

«Առաջին ֆիլմը թողարկելուց հետո ես ու Ելենան հասկացանք, որ դեռ ասելիք ունենք, որ մեր «խոսքը» կիսատ է մնացել, ու նաև հանդիսատեսի հետ կրկին հանդիպելու ցանկություն կար։ Ուզում էինք այս տարի ևս Նոր տարվան ընդառաջ ստեղծել այն ջերմ ու տոնական մթնոլորտը, որը կար առաջին ֆիլմում, բայց այս անգամ հանդիսատեսին ներկայացնել բոլորովին նոր պատմություններ, նոր հերոսներ՝ անպայման պահպանելով «Նոր տարվա կինո»-ի ամենակարևոր առանձնահատկությունը՝ ջերմությունը, հումորն ու հավատը հրաշքների հանդեպ»,- նշում է սցենարիստը։

Երկրորդ ֆիլմի գլխավոր ուղերձը, ըստ Մխիթարյանի, հավատը և շնորհակալությունն է. հավատը՝ սիրո, մարդու, կյանքի և վաղվա օրվա հանդեպ։ Այստեղ հերոսներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, չիրականացած երազանքներն ու չասված խոսքերը, սակայն նրանց կյանքում դեռ կարող են լինել փոփոխությունների ու նոր հնարավորությունների պահեր։

«Ֆիլմի գլխավոր միտքը շնորհակալ լինելն է»,- ընդգծում է Անահիտ Մխիթարյանը։

Թեև կերպարներն ու նրանց պատմությունները գեղարվեստական են, դրանց հիմքում ընկած ապրումները շատ իրական են։ Սցենարիստի խոսքով՝ ստեղծագործական աշխատանքում իրենց ազդեցությունն ունեն առօրյայում հանդիպած մարդիկ, լսած պատմություններն ու մարդկային հարաբերությունները։

Սցենարական աշխատանքի ընթացքում բարդություններից մեկը մի քանի զուգահեռ պատմություններն այնպես միավորելն է եղել, որ յուրաքանչյուրն ունենա իր զարգացումը, հուզական գագաթնակետն ու տրամաբանական ավարտը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Սևակի և Անիի պատմությանը, որի հիմքում սպասումն է, հիշողությունն ու չկորցրած հույսը։

Մխիթարյանի խոսքով՝ կարևոր էր, որ այդ պատմությունը չդառնար պարզապես սիրային դրվագ, այլ ունենար ավելի խոր զգացմունքային նշանակություն։ Ֆիլմում հումորն ու հուզականությունը լրացնում են միմյանց։ Սցենարիստի համոզմամբ՝ այդ համադրությունը բնորոշ է հայերիս, քանի որ կարողանում ենք ծիծաղել անգամ այն պահերին, երբ ներսում ծանր ապրումներ ունենք։

«Ես չեմ փորձում արհեստականորեն հումոր կամ դրամա ավելացնել։ Ինձ համար կարևոր է, որ դրանք ծնվեն հենց հերոսներից ու իրավիճակներից»,- նշում է նա։

«Նոր տարվա կինո»-ի երկու մասերում էլ տեղ են գտել Հայաստանի հասարակության համար կարևոր ու ցավոտ թեմաներ։ Առաջին ֆիլմում անդրադարձ էր կատարվել արցախցիների տեղահանությանը, իսկ երկրորդի վերջաբանում հնչում են զոհված զինծառայողների անունները։

Անահիտ Մխիթարյանի խոսքով՝ ստեղծագործողները չեն կարող կտրվել իրականությունից և անդրադառնալ մի թեմայի, որը չեն վերապրել կամ որի հետ ներքին կապ չունեն։

«Առաջին ֆիլմում անդրադարձել էինք արցախցիների տեղահանության ցավոտ թեմային, որովհետև դա մեր հասարակության համար պարզապես իրադարձություն չէր, այլ հազարավոր մարդկանց ճակատագրեր փոխած ողբերգություն»,- ասում է սցենարիստը։ Երկրորդ ֆիլմի վերջաբանում զոհված զինծառայողների անունների հիշատակումը ևս պատահական ընտրություն չի եղել։ Այն, ինչպես նշում է Մխիթարյանը, երախտագիտության, խոնարհման և հիշատակը վառ պահելու արտահայտություն է. «Այո, մենք ամանորյա, ուրախ ֆիլմ ենք ստեղծել, այն խոսում է սիրո և հույսի մասին, բայց կարևոր էր հիշեցնել, որ մեր այսօրվա կյանքը, մեր հնարավորությունը՝ սիրելու, երազելու և տոնելու, նրանց կյանքի շնորհիվ է»։ Վերջինիս  խոսքով՝ ֆիլմը դիտելուց հետո երիտասարդների՝ Եռաբլուր այցելելու հանգամանքն իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի։

Ֆիլմը վերջնական տեսքը ստացել է երկարատև համատեղ աշխատանքի արդյունքում։ Սցենարական փուլից մինչև մոնտաժի վերջին պահը Անահիտ Մխիթարյանն ու գլխավոր ռեժիսոր Ելենա Արշակյանն աշխատել են միասին։ Ընդ որում՝ ստեղծագործական փոփոխությունները հնարավոր են եղել նույնիսկ նկարահանման հրապարակում։

«Կինոն կենդանի գործընթաց է, և սցենարը նկարահանման հրապարակում երբեմն նոր կյանք է ստանում։ Կարող են փոխվել երկխոսություններ, տեսարանների լուծումներ»,- պատմում է։

Պրեմիերայից հետո ֆիլմի արձագանքների մասին խոսելիս Անահիտն առանձնացնում է հերոսների ծնողների կարծիքը։ Նրանց դրական արձագանքը, նրա խոսքով, լավագույն գնահատականն է եղել։

Հարցին՝ ի՞նչ կուզենար, որ հանդիսատեսը հասկանար ֆիլմը դիտելուց հետո,  պատասխանում է, որ  կյանքը չափազանց կարճ է չասված խոսքերի, չարտահայտված սիրո և հետաձգված երջանկության համար։

«Կուզեի, որ ավելի հաճախ գնահատեին իրենց կողքին գտնվող մարդկանց, չվախենան սիրել, ներել, հաշտվել ու նոր հնարավորություններ տալ միմյանց։ Եվ ամենակարևորը՝ շնորհակալ լինեն»,- եզրափակում է նա։

 

Սյուզի Դավթյան