կարևոր
694 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-06 16:52
Հասարակություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ, հանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա։ Մասնավորապես, հետևյալ հղմամբ ամերիկահայությանն առաջարկվում է Վենսի գրասենյակ ուղարկել նամակ, որում մասնավորապես ասված է․

Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝

· Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել վերջերս ազատ արձակված հայ գերիներին, նրանց իրավական ներկայացուցիչներին և դեռևս կալանքի տակ գտնվողների ընտանիքներին։

· Հանդիպել Հայաստանում տեղահանված արցախահայության ներկայացուցիչների հետ և հրապարակայնորեն աջակցել արցախահայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքին։

· Կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահ դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։

· Կոչ անել Ադրբեջանին դադարեցնել Արցախի հազարամյակների հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության և քաղաքացիական սեփականության պղծումն ու ոչնչացումը։

Ձեր ձայնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։

Ակնկալվում է, որ այս համակարգով փոխնախագահ Վենսի գրասենյակը կարող է ամերիկահայերի մի քանի տասնյակ հազար նամակներ ստանել։

 

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

 06 փետրվար 2026թ.