|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է հատուկ ստորաբաժանումների հրամանատարներին Գրենլանդիա ներխուժելու ծրագիր մշակել, սակայն բարձրաստիճան զինվորականները դիմադրում են դրան, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի, նախագահի մերձավոր շրջապատի քաղաքական «բազեները»՝ քաղաքական խորհրդական Սթիվեն Միլերի գլխավորությամբ, այնքան են ոգևորվել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի առևանգման գործողության հաջողությամբ, որ ցանկանում են արագ գործել՝ կղզին գրավելու համար, նախքան Ռուսաստանը կամ Չինաստանը որևէ քայլ կձեռնարկեն։
Բրիտանացի դիվանագետները կարծում են, որ Թրամփին դրդում է նաև ամերիկացի ընտրողների ուշադրությունը տնտեսական ցուցանիշներից շեղելու ցանկությունը՝ այս տարեվերջին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ, որոնցից հետո նա կարող է զիջել Կոնգրեսի վերահսկողությունը դեմոկրատներին։
Նման կտրուկ քայլը նրան առճակատման կտանի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ և փաստացի կհանգեցնի ՆԱՏՕ-ի փլուզմանը, գրում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրների, ԱՄՆ նախագահը դիմել է Հատուկ գործողությունների միացյալ հրամանատարությանը (JSOC)՝ ներխուժման ծրագիր պատրաստելու խնդրանքով, սակայն շտաբների պետերի միացյալ կոմիտեն դեմ է հանդես եկել այն հիմնավորմամբ, որ դա անօրինական կլինի և չի ստանա Կոնգրեսի աջակցությունը։
«Նրանք փորձում էին շեղել Թրամփին՝ խոսելով պակաս վիճահարույց միջոցառումների մասին, ինչպիսիք են ռուսաստանյան «ուրվական նավերի» կալանումը (Մոսկվայի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվող հարյուրավոր անօրինական նավերի ցանցը) կամ Իրանին հարված հասցնելը»,- պատմել է լրատվամիջոցի աղբյուրներից մեկը։
Ինչպես նշում է պարբերականը, դիվանագետները մշակել են «էսկալացիայի սցենար», ըստ որի Թրամփը կօգտագործի ուժ կամ «քաղաքական հարկադրանք»՝ Գրենլանդիայի և Դանիայի կապերը խզելու համար։ Դիվանագիտական հեռագրերից մեկում նկարագրվում է «վատթարագույն» սցենարը, որը հանգեցնում է «ներսից ՆԱՏՕ-ի քայքայմանը»։
Դրա մեջ նաև ասվում է. «Որոշ եվրոպացի պաշտոնյաներ կասկածում են, որ սա էլ հենց Թրամփին սատարող MAGA արմատական խմբավորման բուն նպատակն է։ Քանի որ Կոնգրեսը թույլ չի տա Թրամփին դուրս գալ ՆԱՏՕ-ից, Գրենլանդիայի օկուպացիան կարող է ստիպել եվրոպացիներին հրաժարվել դաշինքից։ Եթե Թրամփը ցանկանում է վերջ տալ ՆԱՏՕ-ին, սա թերևս դրա համար ամենահարմար միջոցն է»։
Ըստ «փոխզիջումային սցենարի»՝ Դանիան կհամաձայներ Թրամփին տրամադրել լիարժեք ռազմական հասանելիություն Գրենլանդիային և մերժել Ռուսաստանի ու Չինաստանի մուտքը։ Թեև Ամերիկան արդեն իսկ ազատ մուտք ունի կղզի, դա կձևակերպվեր օրինական հիմունքներով։
«Ներքաղաքական պատճառներով Թրամփը կարող է սկսել էսկալացիայի սցենարից, որը կանցնի փոխզիջումայինին։ Եվրոպացի պաշտոնյաները վախենում են, որ Թրամփի համար հնարավորությունների պատուհանը կփակվի ամռանը՝ միջանկյալ ընտրություններից առաջ, ուստի գործողություններն ավելի շուտ են սպասվում։ Հուլիսի 7-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը փոխզիջումային գործարք կնքելու բնական ժամանակ է թվում»,- մեջբերում է լրատվամիջոցը ներքին փաստաթուղթը։
Փաստաթղթում եզրակացվում է. «[Ներխուժման վերաբերյալ] ներկայիս մտահոգությունները պայմանավորված են Սթիվեն Միլերի ամենածայրահեղական հայացքներով։ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը վճռորոշ կլինի՝ արդյոք նա սերտորեն կհամագործակցի եվրոպական դաշնակիցների հետ, թե դուրս կգա շարքից [Թրամփի մոտեցումը հավանության արժանացնելու համար]»։
Դիվանագիտական աղբյուրն իր հերթին հայտնել է, որ գեներալները Թրամփի Գրենլանդիայի ծրագիրը համարում են «խենթ և անօրինական»։
«Ուստի նրանք փորձում են նրա ուշադրությունը շեղել այլ խոշոր ռազմական գործողություններով։ Նրանք ասում են, որ դա նման է հինգ տարեկան երեխայի հետ գործ ունենալուն»,- նշում է Daily Mail-ը։