Փոխարժեքներ
15 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ սահմանային հատվածում նոր դիրքեր է տեղակայել։
Վերջին շաբաթներին մամուլում տեղեկություններ էին հայտնվել Ջերմուկի հատվածում Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացման, դիրքային ակտիվության մասին: Մասնավորապես yerkir.am–ը գրել էր, որ ադրբեջանական զինուժը հուլիսին հայկական դիրք է գրավել Ջերմուկի հատվածում։ Լրատվամիջոցը նշել էր, որ «չպահվող դիրք» է եղել՝ բարձունք և գրեթե մոտ Ջերմուկ քաղաքին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով ԶԼՄ–ի հարցին, ասել էր, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Փաստինֆո» գործակալությունն իր հերթին գրել էր, թե ահազանգեր է ստացել, որ Ջերմուկի հայկական դիրքերում զորքերի հետքաշմանը բնորոշ շարժ է նկատվում։ ՊՆ-ն հերքել էր նաև այդ լուրը։
Sputnik Արմենիան ևս տվյալներ էր ստացել, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է շարժվել «չեզոք գոտում»՝ միջդիրքային տարածքում` առանց հստակեցման, թե կոնկրետ որ հատվածում։
Այս առնչությամբ մենք հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ` հետաքրքրվելով` առաջխաղացում եղե՞լ է հենց «չեզոք» գոտում, ե՞րբ է տեղի ունեցել առաջխաղացումը, քանի՞ մետր է ադրբեջանական զինուժը առաջ շարժվել մոտակա դիրքից։ Նաև խնդրել էինք հայտնել նոր տեղակայման կոորդինատները:
Գերատեսչությունից մեզ պատասխանել են, որ նշված հարցերի վերաբերյալ արդեն հնչել է պաշտոնական մեկնաբանություն։
«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ նշված հատվածում առաջխաղացման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՊՆ–ի պատասխանում:
Մենք ուսումնասիրեցինք արբանյակային կադրերը և պարզեցինք, որ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, եղել է: Ադրբեջանի ԶՈւ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Մեծ և Փոքր Ալ լճերից դեպի հարավ և Ջերմուկից դեպի հյուսիս սահմանային հատվածում։
Արբանյակային լուսանկարներում երևում է, որ ադրբեջանական մի քանի նոր դիրքեր են ի հայտ եկել (նշել ենք կարմիրով)։ Ադրբեջանական զինուժն ինժեներական աշխատանքներ է իրականացրել հուլիսի 20-ից։
Ըստ ամենայնի, որպես պատասխան քայլ ՀՀ ԶՈւ-ն նույնպես մի քանի նոր դիրք է տեղակայել (նշել ենք կանաչով):
Հատկանշական է, որ հենց այդ նույն ժամանակահատվածում այդ տեղամասում ադրբեջանական ԱԹՍ է արձանագրվել Flightradar24 ծառայության միջոցով (նման բան նախկինում չի նկատվել): ԱԹՍ–ի հայտնվելը, ամենայն հավանականությամբ, կապված է հենց նոր դիրքերի տեղակայման հետ։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն օգոստոսի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա