կարևոր
1276 դիտում, 21 ժամ առաջ - 2025-07-30 15:36
Հասարակություն

Պետությունը արցախցի կնոջը դրսում է թողել. դատախազությունը մեծ գումարներ է պահանջում

Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչ Աիդա Բաղդասարյանը տարիներ շարունակ պայքարում է՝ սեփական բնակարանը սեփականաշնորհելու համար։ Նրա պատմությունն ունի պատերազմի, տեղահանության, փաստաթղթային խառնաշփոթի և անարդարության տարրեր։

«Ես ծնվել եմ Արցախում, մամաս ու պապաս էլ են Արցախում ծնվել։ Բայց 1992-ին գենոցիդի պաճառով կորցրինք ամեն ինչ։ Հիմա Երևանում բնակարան ունենք, բայց չենք կարողանում սեփականացնել» - ասում է Աիդան։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ դիմել է դատախազություն, սակայն առերեսվել է անտարբերության և նույնիսկ նվաստացման.

«Գնում ենք դատախազություն, էլի նույն պատճառներն են բերում։ Ասում են՝ դու քո հոր աղջիկը չես։ Էդ ո՞նց կարող ա հայրս, որ իր ձեռքով ինձ մեծացրել ա, հանկարծ դառնա ոչ հարազատ։ Ասում են՝ որդեգրել ա, բայց ոչ մի փաստաթուղթ չկա, մենակ փող են ուզում»,- նշում է Արցախցի Աիդան։

Աիդան վստահ է, որ հակառակ կողմը, որն իբր մեծ գումարների տեր է, ուղղակի օգտագործում է իր հնարավորությունները՝ արգելափակելով բնակարանի օրինականացման գործընթացը։

«Ասում են՝ ով փող ունի, նա էլ մարդ ա։ Իսկ մենք, որ չունենք, դատարկ ձեռքով մնացել ենք։ Ես անժառանգ եմ, չամուսնացած, ծնողներս մահացել են։ Ես հիմա ի՞նչ անեմ՝ առանց ջուր, գազ, առանց իրավական կարգավիճակի ո՞նց ապրեմ։»

Աիդան պնդում է, որ դատախազությունում երբեք պատշաճ պատասխան չի ստացել, չնայած ամեն շաբաթ գրություններ է ուղարկել։ «Մենակ ստորացում, այլանդակ խոսքեր ու վիրավորանքներ եմ ստացել։ Ասում են՝ հլը դու էստեղ կանգնա՞ծ ես, մեկ ա գործդ չի արվելու»։

Իսկ երբ դիմել է այլ կառույցների, օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանին, պատասխանը դարձյալ լռություն է եղել։ Նա հիշում է նաև իր՝ Մարաղայից լինելու փաստը և ասում.

«Երբ ասում եմ որտեղից եմ, պատասխանում են՝ լավ են արել թուրքերը քեզ էլ պիտի սպանեին։ Էդ ի՞նչ պատասխան ա մարդու վշտի դիմաց։»

Այսօր էլ, ըստ Աիդայի, գրանցումից մարդու անունը հանելու համար իրեն անորոշ գումարներ են պահանջում. «Ասում են՝ կամ փողը տուր, ոչ մի կոնկրետ թիվ չեն ասում, բայց առանց փողի ոչ մի բան չեն անում»։

Աիդա Բաղդասարյանը տարիներ շարունակ ապրում է անորոշության մեջ՝ առանց սեփականության իրավունքի, խոցելի ու անպաշտպան, բայց դեռ շարունակում է պայքարել՝ հանուն արդարության։

Մանրամասն՝ տեսանյութում։