Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը:
ՀՅԴ Երիտասարդական համահայկական բանակումներն ունեն ավելի քան 40 տարվա պատմություն: Առաջին համահայկական բանակումը տեղի է ունեցել 1983 թ. Հունաստանում: Նրան հաջորդել են 3 բանակումներ արտերկրի մէջ՝ 1984 թ., 1986 թ. եւ 1992 թ.: Ապա 7 բանակումներ վերանկախ հայրենիքում` Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, 1997 թվականից մինչեւ 2011 թ.:
12-րդ Համահայկական բանակումը գումարվում է մեր ազգի պատմության նշանակալից շրջափուլի ընթացքում: Հայրենի մեր ժողովուրդը բռնի տեղահանված է իր հազարամյակների բնօրրանից՝ Արցախից, հայոց պետականությունը պատանդավորված է մնում՝ անձնատուր եւ թշնամակատար իշխանությունների կողմից, նրա տարածած պառակտման եւ ուրացումի քաղաքականության հետքերը թափանցել են սփյուռքի գաղութներ եւ վիհ առաջացրել հայրենիքի հետ: Հայ ազգի արժեքային հիմնասյուները հարվածի տակ են գտնվում, իսկ հայ մարդը դեմ հանդիման է ճակատագրական երկընտրանքի առջեւ՝ պայքարե՞լ եւ արարե՞լ, թե՞ ընկրկել եւ գոյատևելու նման գոյությունը քարշ տալ:
Այս պայմաններում, ՀՅԴ Երիտասարդությունը պիտի հավաքվի հայրենի հողում աշխարհի ավելի քան 16 երկրներում գործող 22 երիտասարդական եւ ուսանողական միություններից՝ 350 մասնակիցներով: ՀՅԴ Երիտասարդները հստակ ուղերձ պիտի հղեն համայն հայությանը եւ, մասնավորապես, հայ երիտասարդությանն առ այն, որ ոչինչ ավարտած չէ, քանի դեռ մեր հաղթերգի ղողանջները չեն արձագանգել Արցախում, քանի դեռ մեր հայրենակիցները չեն վերադարձել տուն, քանի դեռ պայքարի ոգին ողջ եւ առույգ է մեր մեջ, քանի տակավին Միացեալ Հայաստանի տեսլականը շողում է մեր սրտերում ու արյուն հոսում մեր երակներում:
Երբ ժողովուրդներն իդեալ չունենան, կմնա ստրկության եւ ոչնչացման հեռանկարը:
Ուստի, այո՛, մենք ունենք իդեալ: Մենք հավատում ենք մեր անկախությանը, գիտակցում ենք մեր իրավունքների անժամանցելիությունը եւ տեր ենք անկոտրում կամքի: Մերժում ենք մեր վրա պարտադրված հարմարվողականության շղթաները: Ընտրում ենք ներկան տեսնել որպես նոր հաղթանակներ եւ նվաճումներ կերտելու հնարավորություն:
Հրավիրում ենք հայրենի եւ սփյուռքահայ մեր բոլոր հայրենակիցներին միանալու մեր հավաքին, որպեսզի գոտեպնդվենք իրարով եւ վերանորոգենք մեր ուխտը հայության արդար դատի համար:
Մեր համախմբված ներկայությունը հայրենիքում արժանի պատասխան է մեր թշնամիներին եւ մեզ հալածողներին: Հայրենիքը ամեն բանից վեր պահող երիտասարդությանը Հայրենիքից հնարավոր չէ տարանջատել:
Հաղորդագրության տեքստը՝ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի