կարևոր
3187 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-26 13:33
Քաղաքական

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս արագ. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս արագ. Ալեն Սիմոնյան

Մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը չբարձրաձայնված վերջնաժամկետ է, երկու կողմն նման ցանկություններ ունեն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ պայմանագիր կկնքվի:

«Դա ինչ-որ լռելյան վերջնաժամկետ է, երկու կողմն էլ, կարելի է ասել, դրա հետ կապված ցանկություններ ունեն: Ես էլ եմ ցանկանում, որ մենք հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր: Նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 կմ2  տարածքը մեր համար քննարկման առարկա երբևիցե չի կարող լինել: Եվ խաղաղության պայմանագիրն, ըստ իս, պետք է հնարավորինս արագ կնքվի»,- ասաց Սիմոնյանը:

Միևնույն ժամանակ, ԱԺ նախագահն ընդգծեց, որ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զորքերը պետք է անհապաղ դուրս գան:

«Մենք դրա մասին մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ ասել ենք»,- ընդգծեց Սիմոնյանը, հավելելով, որ այլ պարագայում չի պատկերացնում առաջ շարժվելը: