կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-25 17:53
Քաղաքական

Ոստիկանները մեղմ էին. ՀՀԿ-ական

Ոստիկանները մեղմ էին. ՀՀԿ-ական

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ինչպես նաև ոստիկանների դրսևորած պահվածքին: Նուշիկյանը նշեց, որ երիտասարդների մոտեցումը գնահատում է նորմալ: Ըստ պատգամավորի` մարդիկ իրենց շահերն ու իրավունքներն են պաշտպանում:

Պատգամավորն ասաց, որ թանկացումները որևէ մեկի համար հաճելի չեն, սակայն ինքն այս թանկացումը հիմնավորված է համարում: Ըստ նրա` ուրիշ հարց է` դրանից առաջվա սակագինը հիմնավորված եղե՞լ է, թե՞ ոչ:

«Ես հետևում եմ ցուցարարների գործողություններին: Երիտասարդները շատ կրթված ու քաղաքակիրթ են ու իրենց դժգոհությունն արտահայտում են քաղաքակիրթ ձևով»,- ասաց Նուշիկյանը:

Անդրադառնալով ոստիկանների`լրագրողների և ցուցարարների նկատմամբ դրսևորած պահվածքին`պատգամավորը նշեց. «Ոստիկանապետն այդ առումով ներողություն հայցեց բոլոր լրագրողներից: Մարդն ասաց, որ ցանկացած կառույցում էլ կարող են լինել սխալներ, որի համար էլ ներողություն է խնդրել: Հայտնի է, որ ընդունել են իրենց սխալը, ներողություն են խնդրել և ծառայողական քննություն նշանակել, որ պարզեն մեղավորներին և պատժեն նրանց»:

Ըստ նրա` այս անգամ ոստիկաններն ավելի մեղմ վերաբերմունք են դրսևորել. «Էն ինչը, որ նախկինում նման դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից կիրառվել է, այս անգամ այդպես չի եղել, մեղմ էր մոտեցումը»:

Մեր դիտարկմանը, թե, ի վերջո, ի՞նչ է լինելու այս ամենի արդյունքում, և ի՞նչ հանգուցալուծում է սպասվում, Նուշիկյանը պատասխանեց, որ ճիշտը օրենքի սահմաններում բոլոր հարցերին լուծումներ տալն է:

Հարցին, թե գուցե իրավիճակը փոխի Սերժ Սարգսյանի` ցուցարարների ցանկությանը ընդառաջ գնա՞լը և նրանց հետ հանդիպե՞լը, Նուշիկյանը պատասխանեց. «Ես չգիտեմ: Դա նախագահը պետք է որոշի»: