կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-07 15:56
Քաղաքական

Զարուհի Փոստանջյանը կարոտո՞ւմ է ԱԺ 50 պատգամավորներին

Զարուհի Փոստանջյանը կարոտո՞ւմ է ԱԺ 50 պատգամավորներին

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագիծը ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նախագիծն առաջարկում էյուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում հանդես գալ գրավոր հաշվետվությամբ նստաշրջանի ընթացքում կատարած գործունեության վերաբերյալ:

 

Օրենքում առաջարկվող լրացումը նպատակ ունի առավել բաց, թափանցիկ եւ հաշվետու դարձնել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները, շահագրգռել պատգամավորին աշխատել, խթանել մրցակցությունը պատգամավորների միջեւ: Նման մոտեցումը հնարավորություն կստեղծի, որպեսզի պատգամավորը շահագրգիռ լինի ցուցաբերել ակտիվություն, որովհետեւ նրա պատգամավորական գործունեության ընթացքում ցուցաբերած ակտիվությունից է մեծապես կախված լինելու նրա վերընտրվելու հավանականությունը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հարց ուղղեց Զարուհի Փոստանջյանին` ասելով, որ թեև համաձայն է օրինագծի բովանդակային մասին` բարոյական դաշտում, բայց չի պատկերացնում իրավական մեխանիզմներն ու հետևանքները: «Լավ, ասենք` պատգամավորը հաշվետվությունը չի ներկայացնում, էթիկայի հանձնաժողով դիմել չեք կարող, ո՞րն է մեխանիզմը: Ես իրավական գործընթացը չեմ պատկերացնում»,- ասաց նա:

 

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս դիմել էթիկայի հանձնաժողով, և քաղաքացին կարող է դիմել էթիկայի հանձնաժողով, եթե պատգամավորը չտրամադրի հաշվետվություն իր գործունեության վերաբերյալ: Նրա խոսքով` կան 50 պատգամավորներ, որոնք անընդհատ բացակայում են նիստերից, երբեք որևէ հարց չեն բարձրացնում, ուստի պետք է պատասխան տան իրենց այդ գործունեության համար:

 

Հարակից զեկուցող` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հարց ուղղեց Զարուհի Փոստանջյանին. «Դուք էդ 50 հոգուն կարոտո՞ւմ եք, որ չեն գալիս խորհրդարան, Դուք լուրջ ուզում եք, որ նրանք սկսեն ելույթներ ունենա՞լ: Ես առաջարկում եմ այդ մարդկանց պատվոգիր տալ, որ հանկարծ ելույթ չունենան, թե չէ մեր աշխատանքները կխաթարվեն, բոլորը կգրանցվեն, պատկերացնո՞ւմ եք, ու մի քանի նստաշրջանն էլ չի հերիքի: Չգիտեմ, ճաշակի հարց կա»:

 

Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Ես չեմ նրանց կարոտողը, ես չեմ նրանց պատգամավոր ընտրել,  նրանց կարոտողը ընտրողներն են»: