կարևոր
1000 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-04 10:21
Աշխարհ

Ապաշրջափակումը պետք է իրականացվի առանց որևէ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու․ Բաղայի

Ապաշրջափակումը պետք է իրականացվի առանց որևէ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու․ Բաղայի

Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում է, որ դրա կյանքի կոչումը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։  Թեհրանը համոզված է, որ փոխկապակցվածությունը տնտեսական զարգացման և բարօրության հիմնական բաղադրիչն է։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջակման շուրջ քննարկումներին, այդ համատեքստում Հայաստանի ներկայացրած առաջարկներին ու Ադրբեջանի կողմից շարունակվող հայտարարություններին արտատարածքային միջանցքի մասին։

Հարցազրույցում Էսմայիլ Բաղային անդրադարձել է նաև Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի քաղաքականությանը ու դրա վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև Փեզեշքիան-Ալիև հեռախոսազրույցին, որի ժամանակ Իրանի նախագահն Ադրբեջանի գործընկերոջը կոչ էր արել հետաքննել հրապարակումներն այն մասին, թե Իսրայելը Իրանի դեմ հարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։

-Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանը առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ելնելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է արտատարածքային միջանցք պահանջել Հայաստանից՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու նպատակով։ Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս հարցում։

-Թույլ տվեք այսպես ձևակերպել։ Նախ՝ մենք մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները թե՛ Ադրբեջանի Հանրապետության, և թե՛ Հայաստանի Հանրապետության հետ։ Նրանք մեր հարևաններն են, և մենք հաստատակամ ենք շարունակելու մեր բարի հարևանության քաղաքականությունը երկու պետությունների հետ։ Մենք բարեկամության ամուր կապեր ունենք թե՛ Ադրբեջանի, և թե՛ Հայաստանի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք Իրանում ունենք շատ աշխույժ և կարևոր հայկական համայնք, որով հպարտանում ենք։ Մեզ համար կենսական նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը, որովհետև այդ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը մենք ընկալում ենք որպես մեր սեփական խաղաղության ու անվտանգության բաղադրիչ։

Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիներին, ապա մենք միշտ աջակցել ենք դրանց, որովհետև համոզված ենք, որ փոխկապակցվածությունը տնտեսական զարգացման և թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների, ինչպես նաև իրանցիների բարօրության հիմնական բաղադրիչն է։

Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այդ նախաձեռնությունները կծնեն դրական արդյունք։ Մենք աջակցել ենք Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում ենք, որ այն օգտակար է ամբողջ տարածաշրջանի համար։Միաժամանակ մենք հստակորեն նշել ենք, որ ցանկացած տրանսպորտային ուղի պետք է իրականացվի՝ հարգելով միջազգային ճանաչում ունեցող սահմանները և չխախտելով որևէ պետության ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։ Այսպիսով, չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։Մեկ այլ կարևոր կետ, որը մենք միշտ ընդգծել ենք և կարծում ենք, որ բոլոր տարածաշրջանային պետությունները պետք է գնահատեն, այն է, որ չի կարելի թույլ տալ երրորդ կողմերին՝ ոչ տարածաշրջանային դերակատարներին, միջամտել Հարավային Կովկասի գործերին։ Նման միջամտությունները միայն կբարդացնեն իրավիճակը և չեն ծառայի տարածաշրջանի պետությունների շահերին։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը միշտ հնչեցրել ենք և շարունակելու ենք հետևել դրան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում