|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
2026թ. նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ: Համայնքում ընտրապայքար չկա. առաջադրվել է մեկ քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից:
«Հետքը» ներկայացնում է քաղաքական ուժի ընտրական ցուցակի թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները: Ցուցակում ներառված է 63 թեկնածու:
Քաղաքական ուժի ցուցակը գլխավորում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը: Նա համարվում է նաև համայնքի ղեկավարի թեկնածու: Կ. Եղիազարյանը 2017թ. ընտրվել է Ապարանի համայնքապետի պաշտոնում, վերընտրվել՝ 2021թ. դեկտեմբերի 5-ին: 2012-2015թթ. եղել է Ապարանի քաղաքապետարանի աղբահանության կազմակերպիչ:
Համայնքը ղեկավարելու տարիների ընթացքում Կարեն Եղիազարյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա և ընտանիքի անդամների դեմ հայց է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023թ.-ի հոկտեմբերի 3-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Կարեն Եղիազարյանից և կնոջից՝ Սիրուն Սարգսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության գույք և գումար բռնագանձելու պահանջով։
Մասնավորապես՝ Դատախազությունը պահանջում է Սիրուն Եղիազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում Սիրուն Սարգսյանի անվամբ բացված հաշվեհամարին առկա 3 մլն 800 հազ. դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում դրան համարժեք գումար, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարումը դրա վրա հաշվեգրված տոկոսագումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ:
Ինչպես նաև բռնագանձման պահանջ է դրվել Կարեն Եղիազարյանից և Սիրուն Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մոտ 107 մլն 445 հազ. դրամի չափով գումար, որն ըստ Դատախազության՝ չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Ինչպես նաև Դատախազությունը պահանջում է բռնագանձել մոտ 167 մլն 655 հազ. դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
Կարեն Եղիազարյանի նկատմամբ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ: 2025թ. նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Կարեն Եղիազարյանին մեղսագրվող քրեական գործը, ըստ որի՝ նա, 2021թ.-ի դեկտեմբերի 8-ից տեղեկացված լինելով Ապարան բնակավայրում «Ապարան Ջուր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ, չի ձեռնարկել իր լիազորություններից բխող համապատասխան միջոցներ, ինչի հետևանքով տեղական ինքնակառավարման մարմինը զրկվել է ակնկալվող 1 մլն 500 հազ. դրամ եկամուտից։ Այս գործի քննությունը ևս շարունակվում է:
Մեկ այլ քրեական գործով, որով Կարեն Եղիազարյանին մեղադրանք էր առաջադրվել Ապարան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքով նա արդարացվել է։
Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Կ. Եղիազարյանի վերջին մեկ տարվա ընթացքում ստացած միակ եկամուտը աշխատավարձն է՝ 7 մլն 200 հազ. դրամ: Դրամական միջոց, թանկարժեք գույք չի հայտարարագրել:
Ապարան համայնքում ունի 2 միավոր հողատարածք, ինչպես նաև «Volkswagen Caddy» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ: 2023թ-ի ապրիլից Կ. Եղիազարյանի մոր՝ Լիանա Եղիազարյանի անունով է գրանցված «Գնթունիք» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականությունը: Մինչ այդ սեփականատերը եղել է Կարեն Եղիազարյանը:
Կարեն Եղիազարյանի ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում առկա են անհամապատասխանություններ, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրում նշել է 9 միավոր անշարժ գույք, ունեցել է 8 մլն 500 հազ. դրամ կանխիկ գումար: Համայնքի գործող ղեկավարին է պատկանում 2007թ.-ին հիմնված «Նոտոֆ» ՍՊԸ-ի 10 տոկոսը:
Ցուցակի երկրորդ համարը Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանն է: Նա որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատավարձը՝ 5 մլն 760 հազ. դրամ:
Հայտարարագրել է նաև 5 միավոր հողատարածք Ապարան համայնքում, ինչպես նաև՝ երկու մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա՝ «IM LS7 Elite» էլեկտրական, «Infiniti QX4 3.5» և «Ford Transit»:
«Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի ցուցակի երրորդ համարը Մերի Մելքոնյանն է։ Նա աշխատում է Միրաք գյուղի հիմնական դպրոցում։ Թեկնածուի հայտարարագրած միակ եկամուտը դպրոցից ստացած աշխատավարձն է՝ 960 հազ. դրամ։
Թեկնածուն հայտարարագրել է նաև 4 միավոր հողատարածք, որոնք ձեռք է բերել 2005թ.-ին Սարալանջ գյուղում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։