կարևոր
295 դիտում, 5 ժամ առաջ - 2025-08-02 14:10
Աշխարհ

Ինչու Մեծ Բրիտանիան աջակցեց Թուրքիային Eurofighter-ի հետ գործարքում

Ինչու Մեծ Բրիտանիան աջակցեց Թուրքիային Eurofighter-ի հետ գործարքում

Հուլիսի 23-ին Ստամբուլում անցկացվող IDEF 2025 սպառզինությունների 17-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներները ստորագրել են համապարփակ հուշագիր` մերձավորարեւելյան երկրին 4,5 սերնդի առաջատար բազմաֆունկցիոնալ մեքենաներ համարվող 40 Eurofighter Typhoon կործանիչներ վաճառելու մասին: Վերլուծաբանների կարծիքով` այս հարթակը կբարձրացնի Թուրքիայի օպերատիվ ճկունությունը եւ կուժեղացնի նրա տարածաշրջանային զսպումը, ինչն արդեն անհանգստություն է առաջացրել Իսրայելում: Լոնդոնի հետ համաձայնագիրը դիտարկվում է որպես զինված ուժերի արդիականացման ուղղությամբ Անկարայի ջանքերի կարեւոր բաղադրիչ, որը ենթադրում է նաեւ անօդաչւո տեխնիկայի, ռազմածովային, հակաօդային համակարգերի զարգացում, բալիստիկ հրթիռների արտադրություն եւ այլն:

Թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն` կողմերը միասնական են գործարքը «հնարավորինս շուտ կնքելու ձգտման» հարցում: Հայտնի է՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գերմանիայի Անվտանգության Դաշնային խորհրդի`նշված ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ Անկարայի 2023 թ-ի մարտ ամսվա հարցմանը հավանություն տալու որոշման խորապատկերին:

Փաստաթղթի համաձայն` Թուրքիան «ճանաչվել է այդ ինքնաթիռների ապագա օգտատեր»:  Բացի այդ, հուշագիրը նախատեսում է օդաչուների ուսուցում, տեխնիկական սպասարկում եւ զենքի մատակարարում (օրինակ` Meteor հրթիռներ), նըդ որում` «Թուրքիան կարող է ինքնուրույն տեխնոլոգիաներ ստանալ օդանավերի սպասարկման համար»:

Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 12 մլրդ դոլար: Դրա վերջնականացման համար պահանջվում է պաշտոնական հաստատում նաեւ Eurofighter արտադրության կոնսորցիումի մեջ մտնող Իտալիայից եւ Իսպանիայից, ինչպես նաեւ պայմանագրի մանրամասների լրամշակում՝ ներառյալ գնի համաձայնեցումը։ Eurofighter Jagdflugzeug GmbH-ի գլխավոր տնօրեն Խորխե Թամարիտ – Դեգենհարդտը լավատեսորեն է տրամադրված. «...Փոխըմբռնման հուշագրի ստորգրման մասին հայտարարությունը լավ նորություն է ներգրավված բոլոր կողմերի համար, եւ մենք անհամբեր սպասում ենք առաջիկա ամիսներին Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների միջեւ հետագա բանակցություններին աջակցելու հնարավորությանը: Ակնհայտ է՝ մենք կրիտիկական պահ ենք ապրում Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս անվտանգության համար, եւ, անկասկած, Typhoon կործանիչը մեր օդային տարածքի անվտանգության ապահովման հիմնական միջոցն է»:

Եզրափակիչ համաձայնագրի ստորագրումը ակնկալվում է 2026ի սկզբին, իսկ մարտական տեխնիկայի մատակարարումները պետք է մեկնարկեն 2028 ից: Պայմանագրի ստորագրման դեպքում ինքնաթիռները կհավաքվեն BAE Systems ընկերության կողմից Անգլիայի հյուսիս-արեւմուտքում, ինչը ներքին պատվերների բացակայության դեպքում կարող է վատ ժամանակներ ապրող բրիտանական պաշտպանական արդյունաբերության համար լավ օգնություն լինել:հայտնի է՝ Worton-ի (Լանկաշիր) BAE Systems գործարանում վերջնական հավաքման գծի աշխատանքները պետք է դադարեցվեին մարտական ինքնաթիռների նոր պատվերների բացակայության պատճառով, ինչը մտհոգություններ առաջացրեց կղզու ավիատիեզերական արդյունաբերության հիմնական հմտություների կորստի վերաբերյալ: Eurofighter-ը բրիտանական BAE Systems-ի, ֆրանսիական Airbus-ի եւ իտալական Leonardo-ի համատեղ նախագիծն է: Ինքնաթիռները կառուցվելու են Մեծ Բրիտանիայում` օգտագործելով Գերմանիայից մատակարարվող մասերը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բեռլինում արգելվել էր վաճառքը`նկատի ունենալով տարածաշրջանային հայտնի լարվածությունը Միջերկրական ծովում, Կիպրոսի շուրջ, Էգեյան ծովում եւ այլն հունա-թուրքական վեճերի պատճառով: Ըստ Bloomberg գործակալության աղբյուրի՝ Գերմանիայի իշխանոթյունների դիրքորոշման փոփոխության մասին տեղեկացվել էին նաեւ Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հունաստանի իշխանությունները։Նրա տվյալներով` թուրքերը բոլոր շահագրգիռ կողմերին երաշխավորել են, որ իբր մտադիր չեն կործանիչներ օգտագործել ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակներից դուրս:  Ըստ այդմ, Աթենքը անհանգստանալու պատճառ չունի, փորձում են հարեւաններին հավաստիացնել թուրքական իշխանությունները:

Մինչդեռ Թուրքիան նախկինի պես չի հրաժարվում F-16 եւ F-35 կործանիչներ գնելու Վաշինգտոնի հավանությունը ստանալու փորձերից: Փաստորեն, Թրամփի կողմից Թուրքիային 2021ին հինգերորդ սերնդի F-35 կործանիչի արտդրության միջպետական ծրագրից հանելը Էրդողանի կառավարությանը դրդել է այլընտրանք փնտրել Եվրամիության երկրներից` հենց այդ Eurofighter-ի տեսքով:Վերջերս Սիրիայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց եւ Թուրքիայում դեսպան Թոմ Բարաքը ենթադրել է՝ F -35-ների հարցով լուծում կարող է գտնվել արդեն մինչեւ տարեվերջ:

Այդ կապակցությամբ Թուրքիային եվրոպական կործանիչների մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում` հաշվի առնելով այն դերը, որին վերջին շրջանում հավակնում էր մերձավորարեւելյան երկիրը, ինչպես նաեւ այն հակսությունները, որոնք օբյեկտիվորեն ձեւավորվել են Անկարայի մոտ ինչպես տարածաշրջանի անմիջական հարեւանների, այնպես էլ արտաքին խաղացողների հետ:Բացի այդ, կործանիչների մատակարարման խնդիրը վաղուց դուրս է եկել բացառապես միջազգային կամ Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջանակներից`վերածվելով ներքաղաքական գործոնի եւ լծակի: Պատահական չէ, որ մի քանի օր առաջ Թուրքիայի առաջատար ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել էր՝ Eurofighter-ի գործարքի համար «նորմալ պայմաններում Էրդողանը պետք է (ընդդիմությանը) շնորհակալություն հայտներ»:  Կուսակցությունում հստակեցրել են՝ հենց Օզելի վերջին այցերի շնորհիվ է, որ հաջողվել է փոխել եվրոպական մի շարք երկրների, այդ թվում` Գերմանիայի դիրքորոշումն ու մոտեցումները: Հիշեցնենք՝ վերջին տարիներին Բեռլինում մտահոգություն էին հայտնում Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի պրոակտիվ եւ անկանխատեսելի քաղաքականության կապակցությամբ, այդ թվում` Եվրոպական այնպիսի խոշոր խաղացողի եւ Գերմանիայի գործընկերոջ նկատմամբ, ինչպիսին Ֆրանսիան է:

Քննարկվող իրադարձության միջազգային-քաղաքական իմաստն ու նշանակությունն այն է, որ Eurofighter Typhoon-ի գործարքի մոտեցմամբ Լոնդոնը հերթական անգամ հաստատում է Անկարայի հետ սերտ կապերը: Այս համգործակցության, դրա տեմպերի եւ դինամիկայի պահպանման շրջանակներում բարձր տխնոլոգիական սարքավորումների մատակարարման խնդիրը կարելի է դիտարկել որպես խորհրդանշական կարեւոր սյուժե, որում հաստատ տեղ չկա «բարեգործության» համար: Ընդհակառակը, կարելի է հետեւել կողմերի փոխադարձ երաշխիքներին մի շարք ուղղություններով։

Այսպես, Անկարայի եւ Լոնդոնի միջեւ չհայտարարված պայմանավորվածությունների առարկա կարող են լինել Կիպրոսի հարավում Ակրոտիրի եւ Դիկելիա բազաների անձեռնմխելիության մասին Անկարայի երաշխիքները`արեւելյան Միջերկրական ծովում թուրքական նախաձեռնություններին աջակցելու դիմաց, հատկապես նրանց, որոնք ուղղված են հարավային երթուղուն այլընտրանքային միջանցքների եւ խողովակաշարերի հայտնվելուն թույլ չտալուն, որոնք կոչված են Ասիան կապել Եվրոպայի հետ:

Լոնդոնին հետաքրքրող մեկ այլ թեմա է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» եւ Թուրքիայի դերը դրա իրականացման գործումԱդրբեջանի հիմնական տարածքի, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ Հայաստանի տարածքով 43 կմ հատվածը ենթադրյալ «միջին միջանցքի» մի մասն է, որն ապահովում է Կենտրոնական Ասիայի պետությունների տրանսպորտային կապը Թուրքիայի հետ Կովկասով եւ Կասպից ծովով:

Հայտնի է՝ Սյունիքով արտատարածքային պայմաններով անարգել տրանսպորտային հաղորդակցության վերսկսումն Անկարայի կողմից ակտիվորեն աջակցվող Բաքվի`Երեւանի հետ խաղաղության պայմանագրի առանցքային պահանջն է: Համաշխարհային բանկի կանխատեսումներից մեկի համաձայն`մինչեւ 2027 թ-ին այս միջանցքով առեւտրի տարեկան ծավալը կարող է կազմել 50-100 մլն դոլար: Նման տպավորիչ (եւ, նկատենք, ոչ այնքան ակնհայտ, հաշվի առնելով Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս վաղուց կառուցված երկաթուղով փոխադրումների օբյեկտները) աճի նախատեսվում է հասնել լոգիստիկայի բարելավումների հաշվին. Bloomberg-ի տվյալներով` այդ երթուղին կարող է 12-15 օրով կրճատել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տարանցման ժամանակը:

Կասպյան քաղաքականության կենտրոնը ենթակառուցվածքի ծախսերը գնահատում է 3-5 մլն դոլար՝  5-10 տարվա ընթացքում, մինչդեռ Oxford Economics-ի մոդելները կանխատեսում են տարեկան 20-30 միլիոն դոլար լոգիստիկայի խնայողություն: Տնտեսական բարեփոխումների եւ հաղորդակցության վերլուծության կենտրոնը կանխատեսում է՝ ադրբեջանի համար այդ միջանցքը կավելացնի արտահանման ընդհանուր ծավալը ավելի քան 700 մլն դոլարով՝ նպաստելով երկրի ՀՆԱ-ի ոչ նավթային բաղադրիչի տարեկան 2 տոկոս աճին:

Քանի որ Մեծ Բրիտանիայի իրավասու գերատեսչություններում սովոր են առաջ շարժվել եւ առաջնորդվել «առաջնորդիր այն, ինչը չես կարող հաղթահարել» տրամաբնությամբ, Թուրքիայի վրա խաղադրույքը կարող է դիտվել որպես ապագայի համար ինչ-որ «ոսկե ներդրում», եւ այս համատեքստում Eurofighter-ի պատվերը կոչված է լրացուցիչ ամրապնդել բրիտանա-թուրքական առանց այդ էլ խիստ վստահելի կապերը:

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru-ի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի