կարևոր
448 դիտում, 56 րոպե առաջ - 2026-10-06 15:21
Հասարակություն

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։ Յունիբանկը միջազգային նախաձեռնությանը միացավ որպես գլխավոր հովանավոր։

Վազքի մեկնարկը տրվեց Երևանում, այնուհետև նախաձեռնությանը միացան մասնակիցներ Բարսելոնայից, Լոնդոնից, Լոս Անջելեսից, Նյու Յորքից, Նիցցայից, Փարիզից, Շանհայից, Սիդնեյից, Տոկիոյից, Տորոնտոյից, Ցյուրիխից և այլ քաղաքներից։ Հավաքագրված միջոցները կուղղվեն Camp Nairi-ի մասնակիցների ժամանցի կազմակերպմանը, որակյալ հոգեբանական օգնության ապահովմանը և ավելի մեծ թվով երեխաներ ընդունելու ճամբարի հնարավորությունների ընդլայնմանը։

«Յունիբանկի նման գործընկերների շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան ավելի հեշտ հաղթահարել դժվարություններն ու հայտնվել մի միջավայրում, որն օգնում է կրկին ուրախություն զգալ ու վերագտնել ներքին կայունությունը։ Մեր աջակիցների շնորհիվ՝ որպես ամառային ճամբար մեկնարկած նախագիծը վերածվել է վերականգնման և աջակցության շուրջտարյա ծրագրի։ Շատերի համար Camp Nairi-ն առանձնահատուկ վայր է, որտեղ նրանք կարող են պարզապես կրկին երեխա լինել», - նշեց AGBU-ի զարգացման և հանրության հետ կապերի տնօրեն Քերեն Փափազյանը։

Այս տարի Յունիբանկը նշում է իր 25-ամյակը՝ աճի, նորարարությունների և վստահության քառորդ դարը։ Այս ընթացքում Բանկը դարձել է Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը՝ առաջարկելով մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև Private Banking լուծումներ։ Բանկի գործունեությունը չի սահմանափակվում ֆինանսական ծառայություններով․ այս մոտեցումն արտացոլված է «Բանկ և ավելին» կարգախոսում։

«Բանկի նշանակությունը գնահատվում է ոչ միայն ֆինանսական արդյունքներով, այլև հասարակության համար ստեղծած արժեքով։ Մենք մեր պարտքն ենք համարում նպաստել ինչպես երկրի տնտեսության զարգացմանը, այնպես էլ աջակցել սոցիալական նշանակություն ունեցող նախագծերի իրականացմանը: AGBU-ի նախաձեռնությանն աջակցությունն արտացոլում է, թե մեզ համար գործնականում ինչ է նշանակում «Բանկ և ավելին»՝ լինել հասարակության կողքին, երբ մեր օգնության կարիքը կա, և օգտագործել մեր հնարավորությունները՝ կյանքը դեպի լավը փոխելու համար», - նշել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։

Յունիբանկի նոր հնարավորություններ ստեղծելու ձգտումն արտացոլվում է նաև Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում նրա մասնակցությամբ։ 2015 թվականին Յունիբանկը դարձավ Հայաստանում առաջին բանկը, որն իրականացրեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն տալով դառնալ բաժնետեր և մասնակցել բանկի աճին։ Այդ ժամանակից ի վեր Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 10 թողարկում։ Նախորդ տարվա համեմատ Բանկի բաժնետերերի թիվն աճել է 60%-ով, ինչը վկայում է բանկի զարգացմանը մասնակցող ներդրողների շրջանակի ընդլայնման մասին։

IPO-ի ժամանակ սահմանված գնի համեմատ բաժնետոմսերի գինն աճել է շուրջ 70%-ով։ Վերջին երեք տարիներին բաժնետոմսերի տարեկան շահութաբաժնային եկամտաբերությունը կազմել է 10-12%։ Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։

Ֆինանսական գործունեությանը զուգահեռ՝ Յունիբանկը կշարունակի աջակցել կրթությանը, սպորտին և սոցիալական նշանակություն ունեցող այլ նախաձեռնություններին Հայաստանում և արտերկրում։