Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը ոչ միայն զրկվեց ԱԺ պատգամավորի իր մանդատից` ստացած հրաժարականի պահանջ-SMS-ով, այլև կարող է դժվարությամբ դառնալ, կամ գուցե ընդհանրապես չդառնալ այն հիվանդանոցի տնօրեն, որտեղ հիմա ժ/պ է նշանակված: Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը համատեղ թեկնածու ունեն և լուրջ ջանքեր են գործադրում, թեեւ նախարարն արձակուրդում է և որեւէ մեկնաբանություն չունի:
Ինչո՞ւ է «մահվան նախարար» Արսեն Թորոսյանը պայքարի դուրս եկել իր ոխերիմ թիմակից Նարեկ Զեյնալյանի դեմ` ամեն կերպ ցանկանալով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն դարձնել իր մտերիմ Նարեկ Վանեսյանին, և ինչո՞ւ է նրա հետ այս գործում փաստացի կոալիցիա կազմել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ժողովուրդ»-ը այս տարվա օգոստոսի 1-ին գրել էր, որ ենթադրաբար կոռուպցիոն հնարավոր բացահայտումներից խուսափելու համար նախկին ու ներկա նախարարներն այնպես են ցանկանում դասավորել իրադարձությունները, որ Նարեկ Վանեսյանը դառնա ՍԳԼ ԲԿ-ի տնօրեն, քանի որ նա կորոնավիրուսի ժամանակ Երեւանի կարանտինային վայրերի ղեկավարն է եղել (https://armlur.am/1492131/):
«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է հոդվածաշար` Արսեն Թորոսյանի օրոք կորոնավարակի դեմ պայքարի շրջանակներում ծախսված գումարների կասկածելի բաշխման, շեղումներով ծախսերի և անարդյունավետ հավելագրումների վերաբերյալ:
Իսկ հիմա փաստերով ներկայացնենք, թե ինչպես և ինչու է 2020-ին «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման» նպատակով ֆինանսավորված 26,491,923.9 հազար դրամից 16,820,846.8 հազար դրամը նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ուղղվել վերապրոֆիլավորված թվով 26 բուժհաստատություններին:
Ցանկը, որ ներկայացնում է «ժողովուրդ» օրաթերթը, վերցված է ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից, որտեղ երևում է, որ 16 մլրդ դրամից 6.8 մլրդ դրամը Արսեն Թորոսյանի հրամանով հատկացվել է նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների, ամսական 5 մլն դրամ աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը:
Հաջորդ խոշոր հատկացումն արվել է պետական կառավարման տակ գտնվող Ինֆեկցիոն հիվանդանոցին (2.290 մլրդ), որտեղ մինչ օրս մոտ 8 տնօրեն է փոխվել:
Մյուսը Ս. Աստվածամայր ԲԿ-ն է (1,919 մլրդ), որի տնօրեն Թեհրան Նավիկյանը եղել է Արսեն Թորոսյանի ընկերը, ում հետ կողք կողքի Ծաղկաձորում նույն ճարտարապետական լուծումներով ամառանոցն է կառուցել Թորոսյանը: Իսկ ներկայիս տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը ՍԳԼ տնօրենի հավակնորդ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին:
Մյուսը վնասվածքաբանության կենտրոնն է (1,438 մլրդ), որ ստացել է տպավորիչ ֆինանսավորում կորոնավարակի օրերին:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն շատ հիվանդանոցներ, որոնք առավել հայտնի են և ունեն բարձր թողունակություն, ստացել են անհամեմատ քիչ ֆինանսավորում. Օրինակ` «Էրեբունի» (303 մլն), «Արմենիա» (278 մլն), «Աստղիկ» (192 մլն), ԵՊԲ համալսարանական (70 մլն) հիվանդանոցները ստացել են մեծ տարբերությամբ ավելի պակաս ֆինանսավորում:
Ահա թե ինչպես է Արսեն Թորոսյանը շարունակում իր ազդեցությունը պահել պետական հիվանդանոցների տնօրենների վրա: Եվ ահա թե ինչու Արսեն Թորոսյանը ու ներկայիս նախարարը չեն թողնում, որ իրենց համար «օտար» մարդ դառնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն․ որպեսզի պետպատվերների շռայլ հոսքը կառավարելի լինի:
Իսկ թե ինչպես են բաշխվել պետբյուջեից և տարբեր աղբյուրներից կորոնավարակի դեմ պայքարին ուղղված ահռելի դրամական միջոցները, կներկայացնենք հաջորդիվ: Արսեն Թորոսյանը, որ խոսում է նախկինների թալանից, պետք է նախկին թալանչիների համար մաստեր կլաս դասընթացներ կազմակերպի` ինչպես խախտումներով և շեղումներով ծախսել միլիարդներ և մնալ անպատիժ:
Շարունակելի․․․․»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 05․ 08․ 25 թ համարում։