կարևոր
1039 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-20 09:15
Հասարակություն

Ինչպես են Արսեն Թորոսյանի օրոք մսխվել COVID-ի գումարները. կոռուպցիայի մաս 6. «Ժողովուրդ»

Ինչպես են Արսեն Թորոսյանի օրոք մսխվել COVID-ի գումարները. կոռուպցիայի մաս 6. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սկիզբը՝

1. «Թորոսյան- Սմբատյան զույգը» Covid-19-ի գումարները մսխելուց հետո շարունակում է իր «ընթացքը». «Ժողովուրդ»

2. 16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»

3. COVID-19-ի համար Արսեն Թորոսյանը շռայլ փոխանցումներ է արել իր վերահսկողության տակ գտնվող հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 2․ «Ժողովուրդ» 

4.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանի օրոք 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների վրա. Կոռուպցիայի մաս 3. «Ժողովուրդ»

5. Քովիդի ժամանակ Չինաստանից եկած բեռների մի մասը «ճանապարհին կորել են». Կոռուպցիայի մաս 4․ «Ժողովուրդ» 

6. 623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5. «Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանը, ով այժմ ղեկավարում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարար եղած ժամանակ խայտառակ գործողություններ է իրականացրել, որոնք արձանագրված են ՀՀ ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքներում: Նույն COVID-ի բուժումը մի հիվանդանոցում արժեցել է 722 հազար դրամ, իսկ մեկ այլ հիվանդանոցում՝ 109 հազար դրամ:

Նախորդ հրապարակումներում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչ չարաշահումներ է թույլ տվել Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը՝ ըստ ֆինանսների նախարարության:

Հիշեցնենք, որ Արտյոմ Սմբատյանը, որի մասով COVID-ի ժամանակահատվածում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր քննվում այժմ կրկին Արսեն Թորոսյանի ենթակայությամբ է աշխատում. նա Միասնական սոցիալական ծառայության պետ է նշանակվել:

Կորոնավիրուսի համավարակի օրերին Երեւանի կարանտինային վայրերի ղեկավարը Նարեկ Վանեսյանն էր, որի կուուպցիոն անցյալի մասին շատ է գրվել: Այսինքն՝ Արսեն Թորոսյանը իրեն շրջապատել էր, ըստ տարբեր հրապարակումների, կոռումպացվածի համբավ ունեցող գործիչներով, եւ պետբյուջեի միջոցները տնօրինում էին այնպես, ինչպես ցանկանում էին: Ասվածի ապացույցն արձանագրված է նաեւ ֆինանսների նախարարության ստուգումների ակտում (տե՛ս լուսանկարը), որտեղ 1 հիվանդության դեպքի միջին արժեքը Արսեն Թորոսյանի սիրելի հիվանդանոցներում ավելի թանկ է հաշվարկվել, քան հայտնի եւ մեծ հիվանդանոցներում:

Եվ այսպես, ֆիննախը արձանագրել է, որ «փաստացի իրականացված ծախսերի փոխհատուցմամբ կազմակերպություններում հիվանդների բուժման մեկ դեպքի միջին արժեքը կազմել է 380.118 դրամ, իսկ դեպքային ֆինանսավորմամբ կազմակերպություններում՝ 234.447 դրամ կամ փաստացի իրականացված ծախսերի փոխհատուցմամբ կազմակերպություններում 1 դեպքի միջին արժեքը 148.671 հազար դրամով բարձր»:

Նախ, հարց է, թե ինչու է կորոնավիրուսի բուժումը մեր երկրում այսքան թանկ, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կա՛մ տարել է այդ հիվանդությունը, կա՛մ գոնե հարազատ ունեցել, բայց, վստահաբար, այդքան մեծ ծախսեր բոլոր քաղաքացիների համար չեն իրականացվել: Նախարար Թորոսյանը, սակայն, իր սիրելի բժշկական կենտրոններին շռայլ գումարներ է բաժանել, «օտարներին»՝ անհամեմատ քիչ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին . (այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների՝ ամսական 5 մլն դրամից ավելի աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը), Արսեն Թորոսյանի օրոք 1 դեպքի միջին արժեքը հաշվարկվել է 722.154 դրամ: Այսինքն՝ Մասիվի հիվանդանոցում բուժված 1 հիվանդի միջին արժեքը եղել է 722 հազար դրամ:

• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին (ներկայիս տնօրենը՝ Հովհաննես Զոհրաբյանը, Թորոսյանի մտերիմ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին) Արսեն Թորոսյանի օրոք 1 հիվանդի համար վճարվել է 625.841 հազար ՀՀ դրամ: Այս, 1 դեպքի միջին արժեքն է սա:

• «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին եւս շռայլ հատկացումներ են արվել Արսեն Թորոսյանի օրոք: Հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն էլ, ով, ի դեպ, Մարտունի քաղաքի ՔՊ ավագանու անդամ է, մտերիմ էր նախարար Թորոսյանի հետ: Մարզային այս հիվանդանոցին տրվել է 561.629 դրամ: Մինչդեռ, օրինակ, Սեւանի, Հրազդանի կամ Գյումրու հիվանդանոցներին կրկնակիից պակաս գումար է հատկացվել նույն 1 հիվանդի հաշվարկով. տե՛ս լուսանկարը:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն մասնավոր մյուս հիվանդանոցներին Արսեն Թորոսյանը անհամեմատ քիչ գումարներ է բաշխել․

• «Արմենիա» (հանրապետական) ԲԿ – 253.247 դրամ

• «Էրեբունի» ԲԿ – 329.410 դրամ

• «Աստղիկ» ԲԿ – 302.497 դրամ

• Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամ 141.586 դրամ

Այսպիսով` ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ տարբեր հիվանդանոցներում բուժված հիվանդների համար պետության կողմից տրամադրված գումարների չափերում զգալի տարբերություններ կան։

Շարունակելի ….»։