կարևոր
9760 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 17:19
Տնտեսական

Տնտեսությունից գումարները հավաքագրել են, բայց չեն կարողացել այդ գումարները ծախսել տնտեսության մեջ. Սուրեն Պարսյան

Դոլար-դրամ փոխարժեքի վրա իր ազդեցությունն է թողել պետության բյուտջետային քաղաքականությունը։ Այս մասին ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«2022թ․-ի ընթացքում նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է մոտ 23-24 տոկոս ավելի շատ հարկեր և ճիշտ հակառակը 2022թ․-ի ընթացքում թերակատարվել է կապիտալ ծախսերի մոտավորապես 30 տոկոսը, նաև ընթացիկ ծախսերի մոտ 10 տոկոսը։ Ստացվել է իրավիճակ, երբ տնտեսությունից գումարները հավաքագրել ենք, բայց չենք կարողացել այդ գումարները ծախսել տնտեսության մեջ։ Դա իր հերթին ազդում է դոլար-դրամ փոխարժեքի վրա։ Մյուս գործոնը, որ ազդել է դոլար-դրամ փոխարժեքի վրա Կենտրոնական բանկի քաղաքականությունն է։ Կենտրոնական բանկը 2022թ․-ի ընթացքում պարբերաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցրել է մինչև 10,75 տոկոսի։ Այդ տոկոսի բարձրացումը ուղղակիորեն ազդում է դրամի արժեքի վրա։ Դրամը թանկանում է ներքին շուկայում, հետևաբար արժևորվում է արտարժույթի շուկայում։ Սա էլ իր ազդեցությունն է թողնում տնտեսական իրավիճակի վրա»,- ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ 2022թ․-ի դեկտեմբերը մենք փակեցինք 4,1 միլիարդ դոլարի չափով միջազգային պահուստներով. «Սա բավականին աննախադեպ ցուցանիշ է, մոտ 800 միլիոն դոլարով ավելացրել ենք, հունվարին այդ պահուստները կրճատվել են մոտ 400 միլիոն դրամով։ Սա կարող է իր ազդեցությունը թողնել: Վերջին շաբաթների ընթացքում դրամի շարունակվող արժևորումը հասել է մինչև 386 դրամը։ Նման իրավիճակ ունեցել ենք նաև 2000-ականներին. Հայաստան գալիս էր մեծ քանակությամբ գումար շինարարության ոլորտում, սրա արդյունքում մեր դրամը հասավ մինչև 300 դրամ։ 2008-ին, երբ անկում ունեցանք շինարարության ոլորտում գումարներ չհոսեցին մեկ օրվա ընթացքում փոխարժեքը մոտավորապես 20-30 տոկոսով բարձրացավ։ Այս իրավիճակը կշարունակվի պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ դրսից դոլարային հոսքեր ունենք։ Իսկ այդ հոսքերը մոտակա ամիսների ընթացքում կպահպանվեն՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր սրացմամբ։ Եթե այդ հակամարտությունը ավարտվի շուտ, ապա այս գործընթացը ավելի շուտ կսառի, բայց մինչ այդ մենք բավականին մեծ խնդիրներ կունենանք մեր տնտեսության մեջ, քանի որ դրամի այս արժևորումից տուժում են մեր տեղական արտադրողները, տեղական մթերքները, արտադրանքը դառնում է թանկ և շուկայում կորցնում են իրենց մրցունակությունը։ Ավելացել է ներկրվող սննդամթերքի ծավալները և դրան գումարած այն քաղաքացիները, ովքեր ապրում են դրսից ուղղարկված փողերով, ապա նրանց կենսամակարդակը էականորեն վատացել է։ Նրանք չեն կարող գնել նույն քանակության ապրանքները հաշվի առնելով դոլար-դրամ փոխարժեքը, դրան գումարած ունենք նաև գնաճ։ Մի կողմից տուժում են գնաճից, մյուս կողմից՝ դրամ դոլարի փոխարժեքից։ 2023թ․-ին կպահպանվի դրամի այս արժևորումը, քանի դեռ հակամարտության պատճառով չեն դադարել հոսքերը»,- ասաց նա: