Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Աղբյուրը՝ akunq.net
Նուբար ՕԶԱՆՅԱՆ
Երբ արգելում են սրտի լեզու քրդերենը և ցավի լեզու հայերենը, երաժշտության լեզու թուրքերենը չի կարողանում ինքնուրույն հոսել այդ գետում։ Յուրաքանչյուր լեզու նման է կենսունակ և խայտաբղետ գետի։ Երբ լեզուներն ու ժողովրդական երգերը միասին հոսում են նույն ուղղությամբ, ծովի գույնը դառնում է ազատության գույն։ Հայերը, քրդերը և ալևիները, որոնք բառերից առավել պատմություններ են կրում, ցանկանում են, որ երկինքն ու երկիրը վերածվեն մարդկության բնակավայրի։ Հենց սա է վախեցնում իշխանություններին։ Ժողովրդի ազատության երազանքը դարձել է նրանց մղձավանջը։
Թունջելիի (Դերսիմ-Ակունքի խմբ․) նահանգապետարանը արգելել է «Վերադարձ» հայկական ժողովրդական ֆոլկլորային և երաժշտական անսամբլի ելույթը, որը հրավիրվել էր Մնձուրի մշակույթի և բնության փառատոնին։ Երևանից մեկնած խումբը արգելքի պատճառով ստիպված է եղել վերադառնալ Վանից։
Սայիդ Ռըզայի դիմանկարը, որը խմբի անդամներից նկարիչ Ավետիսյան Ալեքսանդրի գործն էր, նույնպես չի հասել Դերսիմ։ Լեզուների, մշակույթների և ժողովուրդների միաձուլումից, նրանց միավորվելուց և համատեղ երգեր կատարելուց վախեցած նահանգապետարանը ահ է տածում ոչ միայն հայոց լեզվի և հայկական երաժշտության նկատմամբ, այլ նաև թշնամաբար է տրամադրված քրդական, զազայական և հեղափոխական մեղեդիների հանդեպ։ Կարո՞ղ են երաժշտության նկատմամբ թշնամաբար տրամադրվածները լինել մարդկանց, բնության և ազատության բարեկամները։ Ու՞մ են անհանգստացնում Օնիկ Դինքչյանի և Նունե Եսայանի հայկական երգերը, Ջիվան Հաջոյի քրդական երգերը, Ահմեդ Ասլանի և Շենոլ Աքդաղի զազայերեն երգերը, Սեզեն Աքսուի թուրքերեն երգերը և Շևալ Սամի լազերեն երգերը։ Երբ խոսքը «Թուրքիայի Հանրապետության» և նրա վարչական և քաղաքացիական իշխանությունների ու կառավարիչների մասին է, անհավանական համարվողը դառնում է «հավանական»։ Բանականությանը և տրամաբանությանը մարտահրավեր նետած արգելքները դառնում են ընդունելի և կիրառելի։ Եթե ազատությունն ունի լեզու, տրամաբանություն և գործող օրենքներ, ապա բռնապետությունը ևս ունի լեզու, տրամաբանություն և գործող օրենքներ։
Բռնապետությունն ու ազատությունն ունեն երկու տարբեր տրամաբանություն և օրենքներ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն, գործում են հակառակ ուղղություններով։ Նրանք խոսում են երկու տարբեր լեզուներով։
Երբ արգելում են սրտի լեզու քրդերենը և ցավի լեզու հայերենը, երաժշտության լեզու թուրքերենը չի կարողանում ինքնուրույն հոսել այդ գետում։ Յուրաքանչյուր լեզու նման է կենսունակ և խայտաբղետ գետի։ Երբ լեզուներն ու ժողովրդական երգերը միասին հոսում են նույն ուղղությամբ, ծովի գույնը դառնում է ազատության գույն։Ոչ լեզուները, ոչ էլ երգերը չեն կարող տեղավորվել մեկ կաղապարի մեջ։
Երաժշտությունը միշտ էլ ունեցել է համընդհանուր կախարդական ուժ։ Երաժշտությունը ոչ միայն մարդու կամ երկրի համար յուրահատուկ տոն և մեղեդի է, այլև կրում է ընդհանուր մեղեդի և եղբայրության ոգի, որը համընդհանուր արժեք ունի։ Այն չի ճանաչում սահմաններ կամ արգելքներ։ Չնայած բոլոր արգելքներին և սահմաններին՝ այն տարածվում է ալիքների պես՝ արձագանքելով մարդկանց խղճում և իմաստ գտնելով նրանց ձայներում։
Հատկապես, եթե այդ լեզուները հայերենը և քրդերենն են, ոչ ոք չի կարող նրանց կանգնեցնել։ Նրանց չեն կարող շղթայել կամ փակել։ Չնայած երկար ժամանակ է անցել՝ թուրքական իշխանությունները դեռ վախենում են 1915 և 1938 թվականների ոսկորներից։ Քանզի հայկական և քրդական պատմությունը մնում է խորհրդավոր՝ թաքնված Դերսիմի հողերի խորքում։ Նրանք ո՛չ անհետացել են, ո՛չ էլ գնացել են որևէ այլ տեղ։ Իշխանությունները լավ գիտեն, որ չեն կարող ամբողջովին ոչնչացնել պատմությունը կամ ջնջել նրա հետքերը՝ յուրաքանչյուր ալևիական գյուղում մզկիթ կառուցելով, ջեմևիները մզկիթների վերածելով և Դերսիմի անթիվ եկեղեցիները գոմեր դարձնելով։ Այսօր նրանք շարունակում են կրել այդ վախը իրենց մտքում և հոգում՝ թույլ չտալով, որ հայկական և քրդական երաժշտությունը միասին ներկայացվեն նույն սեղանի շուրջ, միևնույն հրապարակում։
Վախը ուղղված չէ միայն լեզուներին, երաժշտությանը, արվեստին և արվեստագետներին. այն ուղղված է ժողովուրդների վերամիավորմանը և վերակենդանացմանը, ընդհանուր զգացմունքների վերածննդին և համատեղ ապրելու գաղափարին։
Երաժշտությունը կախարդական ուժ է, որն ամենաներգործուն կերպով ազդում է մարդկանց վրա՝ նրանց հնարավորինս արագ մոտեցնելով և միավորելով։ Երաժշտության արգելքը, լեզվի արգելքը ազատությունների սահմանափակում է։ Դա ժողովուրդների միաձուլման, միահյուսման, կողք կողքի լինելու արգելքն է։ Դա նրանց՝ գետի պես ազատության ուղղությամբ հոսելու վրա դրված խոչընդոտն է։ Հայերի, քրդերի, հույների և հեղափոխական երաժշտության նկատմամբ իշխանության վախը զուր չէ։ Հզորների օրերն ու գիշերները լի են ժողովուրդների հանդեպ վախով։ Քրդականը, հայկականը իշխողների անվերջանալի մղձավանջն են։ Հայերը, քրդերը և ալևիները, ովքեր պատմություններ են կրում բառերից անդին, ցանկանում են, որ երկինքն ու երկիրը վերածվեն մարդկության բնակավայրի։
Հենց դա է ըստ էության վախեցնում հզորներին։ Ժողովուրդների ազատության երազանքը դարձել է նրանց մղձավանջը։
Նույնիսկ ճնշման տակ հայ կանայք, որոնց սպանել են՝ թույլ չտալով խոսել իրենց լեզվով կամ երգել իրենց «Լոռին», աստղերի պես ցրված ամբողջ աշխարհում, կշարունակեն դիմակայել թուրք իշխանությանը՝ իրենց երգերը մայրենի լեզվով կատարելովով և քոչարին միասին պարելով, ուր էլ որ գնան և անկախ նրանից, թե ինչ արգելքների կհանդիպեն։
Դերսիմ կոչվող հողատարածքը, որը ենթարկվել է օկուպացիոն իշխանությունների անթիվ արյունալի արշավանքներին, ամենահին քաղաքակրթության՝ ուրարտական շրջանի հետքերով, որոնք արտացոլվում են դրա յուրաքանչյուր մասում, եղել է հայրենի հողը տասնյակ հազարավոր հայերի, ինչպես նաև քրդերի և ալևիների հայրենիքը, որտեղ նրանք տարիներ շարունակ ապրել և հիմնել են իրենց տունը։ Չնայած բոլոր ավերածություններին և կոտորածներին, Դերսիմի շատ մասերում դեռևս կարելի է գտնել հայոց պատմության, սրբավայրերի, մշակույթի և լեզվի անջնջելի հետքեր և անուններ։
Ներկայում Դերսիմի լեռներում կան երեք տարբեր արահետներ, որոնցով անցել են դերսիմցիները, հայերը և պարտիզանները՝ թողնելով իրենց հետքը խորը հողի մեջ։ Չնայած անթիվ-անհամար կոտորածներին և ջարդերին, ժխտումներին և ձուլումներին՝ Դերսիմի հարյուրավոր գյուղեր, շեներ և շրջաններ ունեն հայկական անուններ։ Վանք (դերսիմցիները այն անվանում են Վենք), Հալվորի, Ախփանոս, Զանգիրեք, Խաչգիրեք, Թաշգիրեք, Մամգիրեք, Ախգիրեք, Խավաջուր, Բերդակ, Մազգերդ, Սորբիյան, Խոզինքեքս, Փըլվենք, Հաչելի, Չենեքսչիհ, Դարպասոր, Փախնիկ, Ջորավան, Աղզունիկ, Խարչիկ, Դանց և անթիվ այլ հայկական անուններ դեռևս պահպանվում են։
Թունջելիի նահանգապետը, վախենալով հայ և քուրդ ժողովուրդների մերձեցումից և նրանց բարեկամությունից ու եղբայրությունից, որպես վրեժխնդրության ձև, ցուցադրեց պետական պաշտոնյային վայել թուրքական ռասիզմի բնորոշ վարվելակերպ՝ ապացուցելով, որ շարունակում է լինել հզոր ձայն իր իթթիհադական և քեմալական տերերի համար։ Այնուամենայնիվ, Դերսիմի ժողովուրդը անչափ հյուրընկալ, հանդուրժող և բարեկամական է, ինչը բխում է իր պատմական, ազգային և կրոնական ինքնությունից։
Ինչպես հայերը, այնպես էլ Դերսիմի հնամենի ժողովուրդը, որը ցեղասպանություն է տեսել և ականատես դարձել աննկարագրելի տառապանքի բոլոր գույներին, շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել «օտար»՝ իր լեզվի, հավատքի և ինքնության պատճառով։ Դերսիմը այն վայրերից մեկն է, որը լավագույնս հասկանում է հայ ժողովրդի ցավը, տառապանքը և լեզուն և դրանք զգում է ամբողջ սրտով։ Չնայած բոլոր ռասիստական և անհանդուրժող մտայնությանն ու սովորույթներին, նույնիսկ եթե քրդերի, ալևիների և հայերի մեղեդիները արգելվեն, նրանք կշարունակեն լսել իրենց սրտերում եղբայրության զգացումը և անսալ իրենց խղճի ձայնին՝ ի հեճուկս իշխանության գլուխ կանգնածների որոշումների։
Ցեղասպանությունը վերապրած հայերը, քրտնաջան աշխատանքի և արդյունավետության շնորհիվ, երբեք չեն հոգնի իրենց պոեզիան, երգերը, գրքերը և սերը բոլոր ժողովուրդներին հասցնելուց և քրդերին ու ալևիներին եղբայրական ձեռք մեկնելուց։
https://www.ozgurpolitika.com/haberi-ermeni-korkusu-203068
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը