կարևոր
892 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-30 12:56
Քաղաքական

Ազգային փոքրամասնությունների հալածանքները Թուրքիայում 1915 թվականին չեն ավարտվել․ դրանք շարունակվում են մինչ օրս. Սասունյան

Ազգային փոքրամասնությունների հալածանքները Թուրքիայում 1915 թվականին չեն ավարտվել․ դրանք շարունակվում են մինչ օրս. Սասունյան

Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների նկատմամբ իրականացված հալածանքներն ու մարդու իրավունքների համակարգված խախտումները 1915 թվականին չեն ավարտվել։ Ցեղասպանությունից մեկ դար անց էլ թուրքական իշխանությունները շարունակում են ռասիստական, մերժողական և խտրական քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

Վերջին ամիսներին Փաշինյանին աջակցող որոշ հայեր սխալմամբ պնդում են, թե Թուրքիան հետաքրքրված չէ Հայաստանի վրա հարձակմամբ: Այս պնդումներն անտեսում են ոչ միայն Հայոց ցեղասպանության պատմական փաստերը, այլև Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը 2020 թվականի Արցախյան պատերազմին, որի հետևանքով մոտ 4000 հայ զինվոր զոհվեց և հազարավոր ուրիշներ վիրավորվեցին։ Բացի այդ, 1993 թվականին Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված շրջափակումը շարունակվում է մինչ օրս:

Քչերը գիտեն, որ 1993 թվականին Թուրքիան նույնիսկ քննարկել էր Հայաստանի դեմ ուղիղ ռազմական միջամտության հնարավորությունը։ Այդ ժամանակ Հայաստանում Հունաստանի դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսն ավելի ուշ իր հուշագրություններում նկարագրել է այդ կասեցված ծրագրի հանգամանքները:

Թուրք պատմաբան Այշե Հյուրը կազմել է թուրքական իշխանությունների հակահայկական, հակաասորական, հակահունական և հակահրեական քաղաքականության ընդարձակ ժամանակագրություն։ Նրա ցանկն սկսվում է 1923 թվականից և ավարտվում 2007 թվականին, երբ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում՝ թուրք ծայրահեղականի կողմից: 2018 թվականին Հյուրը ինքն էլ դատապարտվեց 15 ամսվա ազատազրկման՝ սոցիալական ցանցերում իր գրառումների համար, թեև դատավճիռը պայմանականորեն կասեցվեց՝ այն պայմանով, որ նա հինգ տարի շարունակ զերծ մնա նմանատիպ իրավախախտումներից։

Ահա նրա փաստագրված գրառման առաջին մասը․

— 1923 թվականի մարտի 16. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն Ադանայում ունեցած իր ելույթում հայտարարեց. «Երկիրը վերջապես հաստատվել է իր իսկական տերերի ձեռքում: Հայերը և մյուսներն այստեղ իրավունքներ չունեն: Այս բերրի հողերը բացառապես և իրավամբ թուրքական հողեր են»:

— 1923 թվականի հունիս. հրեա, հույն և հայ պաշտոնյաներին ազատեցին պետական պաշտոններից և նրանց փոխարինեցին մահմեդականներով: Անատոլիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների տեղաշարժի վրա սահմանափակումներ դրվեցին: Շատերը, որոնք ժամանակավորապես լքել էին իրենց տները, այլևս չկարողացան վերադառնալ: Միևնույն ժամանակ, խոչընդոտներ ստեղծվեցին Պաղեստին արտագաղթել փորձող հրեաների ճանապարհին:

— 1923 թվականի սեպտեմբեր. հրամանագիր ընդունվեց, որով արգելվեց հայերի վերադարձը, որոնք պատերազմի ընթացքում փախել էին Կիլիկիայից և Արևելյան Անատոլիայից։

— 1923 թվականի դեկտեմբեր. Չորլուի փոքրիկ հրեական համայնքին հրամայվեց 48 ժամվա ընթացքում լքել քաղաքը: Թեև որոշումը հետաձգվեց Գլխավոր ռաբբինատի բողոքից հետո, սակայն Չաթալջայի հրեաների նկատմամբ նմանատիպ հրամանն անմիջապես ուժի մեջ մտավ:

— 1924 թվականի հունվարի 24․ նոր օրենքով սահմանվեց, որ միայն «թուրքերը» պետք է լինեն դեղագործներ, ինչը փաստորեն արգելում էր ոչ մահմեդականներին զբաղվել այս մասնագիտությամբ։

— 1924 թվականի մարտի 3. Կրթության միավորման մասին օրենքի համաձայն՝ փակվեցին քառասուն ֆրանսիական և իտալական դպրոցներ: Ազգային փոքրամասնությունների դպրոցները բախվեցին խիստ սահմանափակումների՝ վերանորոգման, ընդլայնման և նոր շինարարության հարցերում: Նրանց ուսումնական ծրագրերն ու քննություններն անցան Ազգային կրթության նախարարության վերահսկողության տակ:

— 1924 թվականի ապրիլի 3. «Փաստաբանների մասին» օրենքի համաձայն՝ 960 փաստաբան անցել է «բարոյական նկարագրի» գնահատում, ինչի հետևանքով 460 փաստաբան զրկվել է արտոնագրից։ Հրեական ծագում ունեցող փաստաբանների 57 տոկոսը և հունական ու հայկական ծագում ունեցող փաստաբանների երեք քառորդը ստիպված է եղել թողնել մասնագիտությունը։

— 1925 թվականի հունվարի 29. hույն պատրիարք Կոնստանտինոս Արաբօղլուն բռնի ուժով գնացք նստեցրեցին և արտաքսեցին Հունաստանի Սալոնիկ քաղաք, պարզապես այն պատճառով, որ թուրքական կառավարությունը նրան չէր սիրում։ Հունաստանը դիմեց Ազգերի լիգային՝ վկայակոչելով Լոզանի պայմանագրի խախտումները, սակայն հետ վերցրեց բողոքը, երբ Թուրքիան սպառնաց վտարել հենց Պատրիարքարանը։ Միջադեպը հետագայում ներկայացվեց որպես կամավոր հրաժարում։

— 1926 թվականի փետրվարի 17. Քաղաքացիական օրենսգրքի ընդունումից հետո հայկական, հրեական և հունական համայնքների վրա ճնշում գործադրվեց հրաժարվելու Լոզանի պայմանագրով իրենց երաշխավորված փոքրամասնությունների իրավունքներից։

— 1926 թվականի ապրիլի 22. Օրենքով սահմանվեց, որ բոլոր առևտրային նամակագրությունը կատարվի թուրքերեն, ինչի հետևանքով հազարավոր ոչ մահմեդականներ, որոնք չէին տիրապետում գրավոր թուրքերենին, զրկվեցին աշխատանքից: Այս կարգավորման հետևանքով հինգ հազար հույներ կորցրեցին իրենց աշխատանքը:

— 1926 թվականի օգոստոսի 1. Թուրքիայի կառավարությունը հայտարարեց իր իրավունքի մասին՝ բռնագրավելու այն ամբողջ գույքը, որը ոչ մահմեդականները ձեռք էին բերել մինչև 1924 թվականի օգոստոսի 23-ը՝ Լոզանի պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը։

— 1927 թվականի օգոստոսի 17. Էլզա Նիեգոն՝ 22-ամյա հրեա կինը, սպանվեց Օսման Ռաթիփ բեյի ՝ ամուսնացած և թոռներ ունեցող մի տղամարդու կողմից, որը երկար ժամանակ հետապնդում էր այդ կնոջը։ Երբ հրեական համայնքը համարձակվեց բողոքել պետության կողմից հանցագործությունը թաքցնելու փորձերի դեմ, հակասեմական հարձակումների ալիք բարձրացավ մամուլում։ Մի քանի հրեաներ հետապնդվեցին «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար։

— 1928 թվականի հունվարի 13. Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները, ձգտելով հաճոյանալ վարչակազմին, լաստանավերի և տրամվայների վրա պաստառներ էին կախել՝ «Քաղաքացիներ, խոսե՛ք թուրքերեն» գրությամբ։ Թերթերը լայնորեն լուսաբանում էին քարոզարշավը, և շատ ոչ մահմեդականներ հետապնդվեցին «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար՝ պարզապես իրենց մայրենի լեզվով խոսելու համար։

— 1928 թվականի ապրիլի 11. «Բժշկության և հարակից մասնագիտությունների գործնական իրականացման կարգի մասին» նոր օրենքը սահմանափակեց բժշկական գործունեությունը միայն «թուրք» համարվող անձանց համար՝ այդ մասնագիտությունից գործնականում զրկելով ոչ մահմեդականներին։

— 1929 թ․ սեպտեմբեր. Գանձապետարանը որոշեց հարկել նվիրատվությունները և փոխանցումները, որոնք կատարվում էին հրեական դպրոցներին, «Օր Ահայիմ» հիվանդանոցին, Օրթաքյոյի որբանոցին և սինագոգներին՝ դրանք համարելով առևտրային հաստատություններ։ Այս միջոցառումները կիրառվեցին հետադարձ ուժով՝ 1925 թվականից։ Գլխավոր ռաբբինատը, չկարողանալով վճարել այդ բարձր հարկերը, կանգնեց բռնագանձման վտանգի առաջ։ Կառավարության ճնշումը շարունակվեց, և նվիրատվությունները խստորեն վերահսկվեցին։

— 1929 և 1930 թվականներ. 18 ամսվա ընթացքում, Թուրքիայից 6373 հայեր ստիպված եղան  արտագաղթել Սիրիա»։

Շարունակելի

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com (http://www.thecaliforniacourier.com/)