Միասին կարող ենք
կարևոր
448 դիտում, 54 րոպե առաջ - 2026-05-29 20:04
Հասարակություն

Արտահանման սահմանափակումներից տուժած գյուղացիները ճանապարհ են փակել. չգիտեն՝ ինչպես իրացնեն գյուղմթերքը

Արտահանման սահմանափակումներից տուժած գյուղացիները ճանապարհ են փակել. չգիտեն՝ ինչպես իրացնեն գյուղմթերքը

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Արշալույս գյուղի վարչական տարածքում, գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդրի պատճառով։

«Ամբողջ տարին աշխատում ենք, որ գարնան այս շրջանում եկամուտ ունենանք, սակայն ինչպես լոլիկը, այնպես էլ այլ գյուղմթերքներ չենք կարողանում արտահանել։ Վարկեր ենք վերցնում, հող մշակում, թունաքիմիկատներ գնում, բանվորների աշխատավարձ ենք վճարում և բազմաթիվ այլ ծախսեր անում, բայց բերքը չենք կարողանում իրացնել։ Արդյունքում վարկերը մնում են մեր ուսերին, և չենք կարողանում դրանք մարել»։

Ակցիայի անցկացման վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։

Բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է։

Գյուղացիները հայտնել են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա իրենք կդիմեն բողոքի այլ քայլերի։