Միասին կարող ենք
կարևոր
556 դիտում, 18 րոպե առաջ - 2026-05-29 18:26
Քաղաքական

Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է նախընտրական PR-ի. Զաքարյան

Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է նախընտրական PR-ի. Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի:

Եվրոպական քաղաքական համանյքի համաժողովի և նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի ժամկետներն ընտրված էին այդ նպատակով: Իհարկե տպավորիչ է, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գալիս ու «քաջալերում» են Նիկոլին՝ չխորանալով Հայաստանի հետագա հիմնախնդիրների մեջ:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի «Touch-and-Go» այցը, Հայաստանի հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների մասին ստորագրված հուշագիրը, այնուհետև՝ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը ևս նախընտրական աջակցության վերածվեց: Կարելի է նաև ենթադրել, որ պաշտոնական Երևանն էր խնդրել, նման գրառում անել:

Նախընտրական ցուցահանդեսի վերածված զորահանդեսը և դրա մատուցումն իրականացվեց ոչ թե պետության ռազմական ուժի դրսևորման, այլ մեկ անձի շուրջ քարոզչության նպատակով: Ամբողջը քարոզչական տեքստն ուղղված էր ոչ թե պետության տարածքային ամբողջականությանն ու անձռմխելիությանը, այլ քարոզվում էր՝ «տեսեք ինչ վատն են նախկինները ու ինչ լավն է Նիկոլը» թեզը: Իրականում, հայկական զորահանդեսների գաղափարաբանության համար պատեհ առիթը՝ սեպտեմբերի 21-ի անկախության հոբելյանական տարեդարձներն են:

Ասում են, որ առաջիկա օրերի գինու փառատոնը ևս ծառայեցվելու է Նիկոլ Փաշինյանի անձի՝ ուղղակի և անուղղակի քարոզչությանը: Կենացների, ողջագուրումների ու պաչիկների բեմադրություններ, ցափ-ծիծաղ, երգ ու պար… Մի խոսքով, սիրելի ժողովո՛ւրդ, «մէ քեֆ, մէ ուրախություն»-ը ձեզ Նիկոլ պապին է պարգևել:

Այս ամենը հասկանալի է: Աղետներից, պատերազմներից, մարդկային, տարածքային կորուստներից ու վնասներից հետո, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար, ծխածածկույթ կարող էին ապահովել միայն չընդհատվող շոուներն ու մասշտաբային մանիպուլյացիաները:

Մի բան հասկանալի չէ: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց Աստանա (որտեղից ստացել էր «Ոսկե Արծիվ» բարձրագույն պետական պարգևը) և ԵԱՏՄ նիստը ինչու՞ չվերածեց իր նախընտրական PR-ի: Արձակուրդից մեկ օրով վերադառնալը դժվար չէր:

Չեմ կասկածում, որ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ կարող էր այդ նիստից ունենալ նախընտրական օգուտ՝ ստանալով ԵԱՏՄ անդամ երկրների լիդերների բարի խոսքերն ու հաջողության մաղթանքները՝ նա անպայման կգնար: Իսկ ՔՊ քարոզչության “ռահվիրաները” կաղմկեին ևս մեկ աշխարհացունց ու աննախադեպ դիվանագիտական ձեռքբերման մասին: Նրանք հայ տնտեսվարողներին կպատմեին, թե ինչպե՛ս է քաջաբար մարտնչող Փաշինյանը ճանապարհ հարթում դեպի ԵԱՏՄ շուկաներ՝ հանուն մեր քաղաքացիների բարօրության: Այնպես, ինչպես անում էին առ այսօր, երբ Նիկոլը մասնակցում էր ԵԱՏՄ բոլոր նիստերին:

Սա չի՞ խոսում արդյոք այն մասին, որ Հայաստանի հետ կապ ունեցող արտաքին աշխարհի մի մասի մոտ, Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է վստահությունը, և նա գիտի այդ մասին: Հետևաբար, ի՞նչ երաշխիքներ կան, որ մի գեղեցիկ օր, նա չի կորցնի վստահությունը նաև Արևմտյան աշխարհի մոտ:

Գուցե այդ պատճառո՞վ է ամերիկյան վարչակազմն առաջնորդվել՝ «երեկոյան հազվագյուտ մետաղների հուշագիրը՝ առավոտյան աջակցությունը» պրագմատիկ սկզբունքով:

Շարունակ միմյանց հակասող հայտարարութուններ անող ու հակասական քաղաքականություն վարող երկրի կառավարիչներին դժվար է վստահելը»։