|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Արցախի վանքերը, եկեղեցիները, ամրոցներն ու բերդերը գույքագրված են․ բացառիկ քարտեզները կազմել ու տպագրել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը, որի 5-ամյակին էլ տեղի ունեցավ դրանց շնորհանդեսը։
«Նախագիծը գիտականորեն հիմնավորված և իրավաքաղաքական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որը միտված է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու փաստագրմանը՝ ապացույցներ թողնելով գալիք սերունդների համար»,- միջոցառմանը նշեց քարտեզների բովանդակության հեղինակ, հուշարձանագետ Սլավա Սարգսյանը։
Genesis Armenia-ի հինգերորդ տարեդարձին ներկայացվեց կառույցի անցած ճանապարհն առանցքային ոլորտներում՝ անվտանագություն, քաղաքականություն, տնտեսություն ու մշակույթ։
«Genesis Armenia-ն ստեղծվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որպես հետևանք հայ ժողովրդի ու ՀՀ-ի դեմ պատերազմում պարտադրված պարտության: Կառույցն սկսեց համախմբել ամբողջ աշխարհով մեկ սփռված հայկական գիտամտավոր ներուժը և ծառայեցնել հայ ժողովրդի ազգային-պետական շահին։ Այսօր էլ մենք անշեղորեն գնում ենք մեր ռազմավարական ճանապարհով՝ հետևում թողնելով հարյուրավոր հոդվածներ, տասնյակ հետազոտություններ, 5 տասնյակից ավելի ծրագրեր, ազգային քաղաքական օրակարգում անվրեպ խոսք ու գործ, քաղաքացիական խիզախ կեցվածք ու ներկայություն հայաստանյան ու համահայկական ազգային օրակարգերում»,- նշեց կառույցի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձով, որն ուղարկել էր կալանավայրից։
«Սուրբգրային տրամաբանությամբ՝ Genesis-ը՝ ծննդոցը, խորհրդանշում է ծնունդը, որին հաջորդում է երիցը՝ գերությունից ազատագրումը։ Հանգամանքներով պայմանավորված՝ այսօր չեմ կարող ներկա լինել այս ընտանիքի տարեդարձին։ Շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով պատիվ բերող, ուժեղ Հայաստան։ Միասին ուխտել ենք չմոռանալ՝ հանուն Հայաստանի, չներել՝ հանուն Արցախի»,- Սրբազանի նամակն ընթերցեց նրա քույրը՝ Արփինե Զարգարյանը։
Միջոցառմանն իրենց խոսքն ասացին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «Միասնության թևեր» նախաձեռնության խորհրդի անդամ, համահիմնադիր Դավիթ Անանյանը։ Նշյալ բոլոր կառույցները Genesis Armenia-ի հետ անցել են քաղաքական, ծրագրային, գիտավերլուծական և կազմակերպչական համատեղ ճանապարհ:
Արա Պուլուզյանը շեշտեց` Genesis Armenia-ն պատերազմից հետո հարվածեց ճիշտ թիրախին՝ Արցախը հայապահպանության ու ազգային ազատագրության կիզակետն է․ հասկացավ ու իր շոշափելի ներդրումն ունեցավ այդ հարցում։
«Ծրագրերի 90 տոկոսից ավելին Արցախում իրականացնելը գաղափարի և արժեքի մասին է։ Genesis Armenia-ն այն թիմերից էր, որ ընտրեց պայքարի ճանապարհը»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ իր ելույթում շեշտեց՝ «հիմնադրամը բոլոր ուղղություններով նաև գործնական աշխատանք է կատարում և գործնական պատասխանատվություն է ստանձնում։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ նրանք ոչ միայն ճառ են ասում, այլև զանգ կախում»։
Հայաստանյան քաղաքական դաշտում նոր ձևավորված ուժի՝ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավարները հաջողված են համարում Genesis Armenia-ի հետ անցած ճանապարհը։
«Genesis Armenia-ն սփռեց այն լույսը, որը հավատ ներշնչեց մեր ուժերի նկատմամբ։ Նոյեմբերի 10-ը դարձավ պայքարի նոր մեկնարկային կետ»,-ասաց Դավիթ Անանյանը։
Իսկ կառույցի հիմնադիր տնօրենը տվեց անցնող քաղաքական տարվա գնահատականը, ներկայացրեց մարտահրավերները հաղթահարելու ճանապարհային քարտեզը։
«Մեր փրկությունը մեր ձեռքում է, որ խելացի լուծումներով դառնանք ինքնաբավ, ոչ թե մուրացկան։ Հայության քաղաքական հեռանկարում տեղ ու դեր ունենալու համար անհրաժեշտ է մտքի ու հոգու մկանների պրկում, քարոզչական լուրջ աշխատանք, որում պիտի ներգրավվեն մեր հայրենակիցների լայն շերտեր»,-ասաց Աբրահամ Գասպարյանը։
Genesis Armenia-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակել ու ազգային-պետական շահերին միտված աշխատանքը՝ հիմնված գիտական մոտեցումների, փաստերի և երկարաժամկետ ռազմավարության վրա։