կարևոր
319 դիտում, 23 րոպե առաջ - 2026-11-25 19:37
Հասարակություն

Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ կան

Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ կան

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացել է նույն ընտանիքի հինգ անդամ, այդ թվում՝ երեք երեխա։ Գերմանական Օֆենբուրգի ոստիկանության հաղորդմամբ՝ ընտանիքի երեխաներն ունեցել են Գերմանիայի և Հայաստանի երկքաղաքացիություն։

Ինչպես փոխանցում են գերմանական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին՝ Ռիխարդ Վագներ փողոցի բնակարաններից մեկում։ Առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում իրավապահներն ահազանգ են ստացել այն մասին, որ երեխաները չեն ներկայացել դպրոց, իսկ բնակարանի դուռը ներսից որևէ մեկը չի բացում։

Նախնական տվյալներով՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների սարքերը բնակարանում արձանագրել են շմոլ գազի (ածխածնի մոնօքսիդի) բարձր խտություն։ Այս պահին քրեական ոստիկանությունը քննություն է իրականացնում՝ պարզելու, թե արդյոք գազի արտահոսքը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով, թե առկա է հանցակազմ։

Նշվում է, որ  ընտանիքի բոլոր հինգ երեխաները (10-ից 14 տարեկան) ունեցել են գերմանական և գերմանա-հայկական քաղաքացիություն, իսկ մահացած հայրն ու տատիկը՝ Գերմանիայի քաղաքացիություն։ Ըստ գերմանական մամուլի տեղեկությունների՝ երեխաների մայրը դեպքի պահին բնակարանում չի եղել․ նա ծանր հիվանդ է և գտնվում է մասնագիտացված խնամքի հաստատությունում։