կարևոր
865 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-24 22:39
Հասարակություն

Անչափահաս դստրերին կտտանքների, այդ թվում՝ սեքսուալ շահագործման ենթարկելու համար երեխաների մայրը տարիներ անց մնում է անպատիժ․ գործը երկու տարի է՝ դատարանում է. «Փաստինֆո»

Անչափահաս դստրերին կտտանքների, այդ թվում՝ սեքսուալ շահագործման ենթարկելու համար երեխաների մայրը տարիներ անց մնում է անպատիժ․ գործը երկու տարի է՝ դատարանում է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է, որ անչափահաս դստրերին կտտանքների, այդ թվում՝ սեքսուալ շահագործման ենթարկելու համար երեխաների մայրը՝ Աննա Արևշատյանն, առ այս պահը չի դատապարտվել։ Երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու և տեսաձայնագրելու համար մեղադրյալի աթոռին հայտնված կնոջ և ՔԿՀ-ում տեսանյութերի «շահառուներից» Հովհաննես Սաֆարյանի վերաբերյալ գործն արդեն երկու տարի է, ինչ Երևանի քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի վարույթում է։

Քրեական դատարանի խոսնակ Մերի Գևորգյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ գործը հիմնական դատալսումների փուլում է, ապացույցների հետազոտում է իրականացնում։ Աննա Արևշատյանն այժմ կալանավորված է, իսկ նրա ամուսինը՝ Հովհաննես Սաֆարյանը, մեկ այլ գործով պատիժ է կրում։ Հիմնական գործից զատ նույն դատավորի վարույթում է գտնվում այլ դրվագ ևս․ այդ մասով մեղադրյալի կարգավիճակում են նաև Արփինե Գրիգորյանը, ով ևս կալանքի տակ է և Կարեն Բարսեցյանը, ով տնային կալանքի տակ է։

Այսպիսով պարզ է դառնում, որ երեխաներին թրաֆիքինգի ենթարկած անձանց շրջանակը շատ ավելի մեծ է եղել։

Մոր կողմից երեխաներին կտտանքների ենթարկելու մասին տեսագրությունը համացանցում տարածվել է երեք տարի առաջ՝ 2023թ․ օգոստոսին։ Ըստ տարածված տեսանյութի՝ կինը մերկացնում, ֆիզիկական և հոգեկան տառապանք է պատճառում ավագ դստերը՝ ներգրավելով մյուս երեխաներին նույնպես։ Պարզվել է, որ կինը՝ Աննա Արևշատյանը, նախկինում դատապարտված եղել է՝ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվելու մասին սուտ մատնություն կատարելու համար, մեղավոր ճանաչվել, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ նրա ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված է երկու աղջիկ երեխաներին սեռական բռնության ենթարկելու համար։ Երեխային նվաստացրած մայրը ոստիկանությունում հայտնել է, որ նկարահանել է վճարի դիմաց, իսկ թե ով է պատվիրատուն՝ չի նշել՝ ասելով, թե չի ճանաչում։

Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական Կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի ( ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելը, որն իրականացվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի անչափահասի նկատմամբ՝ առանձին դաժանությամբ ) 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը, որն իրականացվել է 12-14 տարին չլրացած անձի նկատմամբ՝ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, որն իրականացվել է այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որն իրականացվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն և զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով) հատկանիշներով։ Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել։

Քննությամբ պարզվել է, որ կինը երեխաների մասնակցությամբ տեսանյութերն ուղարկել է ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալին՝ Հովհաննես Սաֆարյանին, ով արդեն դատապարտված էր 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, շորթման և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար և պատիժ էր կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Մեղադրանքի համաձայն՝ Սաֆարյանը 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, Աննա Արևշատյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով թրաֆիքինգի՝ պոռնկության և սեքսուալ շահագործման է ենթարկել անօգնական վիճակում գտնվող 12 տարին չլրացած երեխաներին։