կարևոր
424 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-28 20:00
Հասարակություն

Հայաստան-Վատիկան համատեղ փոստային նամականիշի թողարկումը վկայում է Սուրբ Աթոռի և ՀՀ-ի միջև սերտ մշակութային համագործակցության մասին․ Արքեպիսկոպոս Անտե Յոզիչ

Հայաստան-Վատիկան համատեղ փոստային նամականիշի թողարկումը վկայում է Սուրբ Աթոռի և ՀՀ-ի միջև սերտ մշակութային համագործակցության մասին․ Արքեպիսկոպոս Անտե Յոզիչ

Հայփոստը և Վատիկանի փոստն առաջին անգամ համատեղ թողարկեցին Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշ՝ ՀՀ ԳԱԱ-ում։

380 դրամ արժողությամբ նամականիշի վրա քաղաքական, հասարակական և մշակութային գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին պատկերված է Սուրբ Ղազար կղզու փորագրանկարի խորապատկերին։

ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արիապատիվ Անտե արքեպիսկոպոս Յոզիչը նշեց, որ նամականիշի թողարկումը Հայաստանի և Վատիկանի՝ մասնավորապես Վատիկան քաղաք-պետության, «ՎատիկանՓոստ»ի և «ՀայՓոստ»-ի միջև սերտ համագործակցության օրինակներից մեկն է։Նա հիշեցրեց, որ Մխիթարյան միաբանությունն իր հերթին այս տարի նշում է իր հիմնադրման 326-ամյակը և շարունակում է մնալ Հայաստանի և Կաթողիկե Եկեղեցու միջև մշակութային կարևորագույն կամուրջներից մեկը։

«Քարոզիչների այս կրոնական միաբանությունը նվիրված է հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակի բարձրացմանը՝ հիմք ընդունելով Արևմտյան Եկեղեցու օրինակները։ Բազմաթիվ խրթին մարտահրավերների բերումով Սեբաստացի Մխիթար աբբահայրը Վենետիկի Հանրապետությանը հորդորեց միաբանությունը տեղափոխել Սուրբ Ղազար կղզի և այնտեղ կառուցել վանք, որպեսզի Մխիթարյան եղբայրների հետ շարունակի իր առաքելությունը։ Այսօր հիշատակելով Մխիթար Սեբաստացու 350-ամյակը և նրա եկեղեցական ծառայությունն ի դեմս խորաթափանց հոգևոր առաջնորդի՝ մենք աջակցում ենք Մխիթարյան միաբանությանը՝ դառնալու հավատքի, գրականության ու մշակույթի ուժեղ կամուրջ, որն առավել սերտորեն կապում է հայ ժողովրդին Սուրբ Աթոռի հետ»,- ասաց արքեպիսկոպոս Յոզիչը։

Նա հույս հայտնեց, որ սույն նամականիշի թողարկումը կմնա որպես մնայուն վկայություն Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության՝ առաջին քրիստոնյա երկրի բարեկամական հարաբերությունների պատմական, մշակութային և քաղաքացիական նշանակություն ունեցող նոր ու կարևոր հանգրվանի։

«Նույն արարողությունն այս պահին տեղի է ունենում նաև Վատիկանում և այս միջոցառման շնորհիվ մեր համատեղ նամականիշները կշրջեն աշխարհով մեկ՝ տարածելով ձեր երկրի ավանդական, բարոյական և ընտանեկան արժեքները, որոնց հավատարիմ էր և որոնք քարոզում էր Մխիթար աբբահայրը՝ հռչակելով մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի բարի լուրը։ Երևանի և Վատիկանի կրկնակի դրոշմը կրող այս հատուկ նամականիշի մարումը թող սովորական փոստային գործիքը վերածի մնայուն պատմական վկայության և վկայի մեր հավաքական հանձնառության մասին՝ պահպանելու բարեկամական կապերը, ակադեմիական ժառանգությունը և պատմական ձեռքբերումները, որոնք բնորոշում են մեր հարատև հարաբերությունները»,- ասաց արքեպիսկոպոս Յոզիչը։

Միջոցառմանը ներկա Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, Մխիթարյան ճեմարանի փոխտեսուչ Հայ Գևորգ վարդապետ Սարգսյանը պահն ու առիթը պատմական համարեց՝ կարևորելով Մխիթար աբբահոր թողած հոգևոր ժառանգությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Վեհափառ Հայրապետի ջերմ ողջույնները փոխանցեց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Միջոցառումը շարունակվեց ԳԱԱ կլոր դահլիճում՝ ներկաների ելույթներով։ Միջոցառման կարևորության մասին ընդգծեցին դեսպաններ, ականավոր պատմաբաններ, բարձրաստիճան հոգևորականներ, գիտնականներ և այլք։