Միասին կարող ենք
կարևոր
397 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-23 10:33
Քաղաքական

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2026 թվականի հունիս ամսվա թարմացված տվյալների համաձայն, ստացել է առնվազն հինգ արարողակարգային և պաշտոնական նվեր, որոնց թվում կան թանկարժեք աքսեսուարներ, հնատիպ գրքեր, շքանշան և դեկորատիվ իրեր։

Ամենաթանկ նվերը վարչապետին հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Խոսքը Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանի մասին է, որի արժեքը գնահատվել է 1 մլն 265 հազար 115 դրամ։ Նվերը Փաշինյանին հանձնվել է մայիսին՝ Ֆրանսիայի նախագահի պատվին նախագահական նստավայրում կազմակերպված պետական ընթրիքի շրջանակում։

Մեկ այլ ուշագրավ նվեր ևս ստացվել է Ֆրանսիայի նախագահի կողմից։ Վարչապետին փոխանցվել է Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» աշխատությունը, որը հրատարակվել է դեռևս 1818 թվականին՝ Վենետիկում։ Հնատիպ գրքի արժեքը գնահատվել է 308 հազար 635 դրամ։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանին մայիսի 5-ին նվիրել է «RECIFE» ապրանքանիշի կաշվե պայուսակ, որի արժեքը կազմել է 161 հազար 918 դրամ։

Իսկ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակության մարտի 19-ի այցի ընթացքում վարչապետը ստացել է նաև «Salvatore Ferragamo» ապրանքանիշի կարմիր փողկապ։ Նվերի արժեքը գնահատվել է շուրջ 276 հազար դրամ (640 եվրոյին համարժեք)։

Նվերների ցանկում ներառված է նաև Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի կողմից հանձնված «an&angel» ապրանքանիշի ապակյա ամանը, որի արժեքը գնահատվել է 70 հազար 222 դրամ։ Նվերը վարչապետին փոխանցվել է մայիսի 7-ին՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած լատվիական պատվիրակության ընդունելության ժամանակ։

Այսպիսով, միայն հրապարակված տվյալներով Նիկոլ Փաշինյանի ստացած հինգ նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը։ Բոլոր նվերները հաշվառվել են որպես օրենքով սահմանված կարգով ստացված արարողակարգային կամ պաշտոնական նվերներ և ներառվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հաշվառման ձևաթղթերում»։