|
Փոխարժեքներ
04 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.44 |
| EUR | ⚊ | € 446.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.925 |
| GBP | ⚊ | £ 516.76 |
| GEL | ⚊ | ₾ 140.62 |
« «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը միտված է ոչ միայն խարխլելու Հայաստանի ինքնիշխանությունը, այլ նաև քանդելու ողջ պետականությունը»,-Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Ըստ քաղաքագետի՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզն Ադրբեջանում հորինվել է դեռ 90-ականների կեսին, այսինքն՝ առաջին Արցախյան պատերազմից հետո և հիմնականում Թուրքիայի դրդմամբ և օգնությամբ։
«Այդ կեղծ գաղափարը նույնիսկ այն աստիճանի է ծավալվել, որ Փաշինյանն առաջարկել է Արցախը հանձնելու դիմաց Ադրբեջանը հրաժարվի օգտագործել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթը։ Այսինքն, ստացվում է, որ իրական Արցախը տրվում է կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» դիմաց։ Սակայն այդ դեպքում էլ Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարից»,-ասում է քաղաքագետը։
Ըստ զրուցակցի՝ Ադրբեջանը շարունակում է իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը։
«Խաղաղության օրակարգը չի կարող հաջողել, եթե Ադրբեջանը «Պանթուրքիզմով» շարունակում է իր արտաքին քաղաքականությունը։ Պանթուրքիստական գաղափարախոսության նպատակը ՀՀ-ի հետ խաղաղություն հաստատելը չէ, և քանի դեռ Ադրբեջանը պանթուրքիստական գաղափարախոսություն է կրում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն, որպես այդպիսին, չի լինելու»,-ասում է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ մարտավարական նպատակներից ելնելով հնարավոր է կնքվի ինչ-որ համաձայնագիր, որի օրինակը՝ ԱՄՆ-ում ստորագրված հուշագիրն է, բայց դա ոչ մի արժեք չի ունենալու, եթե Ադրբեջանի ռազմավարությունը չի փոխվել։
«Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է իր ռազմական պոտենցիալը, ռազմական բյուջեն մեծացնում է, ռազմական ենթակառուցվածքները մեծանում են, հատկապես զարգացնում է ռազմական ենթակառուցվածքն օկուպացված Արցախի տարածքում, արդեն չորս-հինգ օդանավակայան է բացվել, ռազմական հոսպիտալներ են ստեղծվում, ճանապարհները և այլն, այսինքն այս ամեն ինչն ու՞մ դեմ է ուղղված։ Պարզ է, Հայաստանի դեմ պատերազմի հող է նախապատրաստվում։ Եվ եթե Հայաստանը տարված լինի «խաղաղության» օրակարգով, իհարկե, պատրաստ չի լինի դրան արձագանքելուն»,-ասաց Հրանտ Միքայելյանը։
Անդրադառնալով՝ ՀՀ տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման թուրքական ծրագրին, քաղաքագետը նշեց, որ ադրբեջանցիների նպատակը հատուկ ծառայությունների գունդ ստեղծելն է։
Մանրամասները՝ տեսանյութում։