կարևոր
1213 դիտում, 6 ժամ առաջ - 2025-10-31 10:05
Հասարակություն

2025 թվականն անցնում է, իսկ Հայաստանը փաստացի զրկվում է 100 մլն եվրո աջակցությունից․ «Ժողովուրդ»

2025 թվականն անցնում է, իսկ Հայաստանը փաստացի զրկվում է 100 մլն եվրո աջակցությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Եվրոպական գործիչների հետ թանկարժեք ճաշկերույթների մասնակցող և Եվրամիության անդամ դառնալու թեկնածության հայտի թաքուն փափագ ունեցող ՔՊ-ականները շարունակում են հարվածներ ստանալ նույն եվրոպական կառույցների կողմից:

Ինչպես հայտնի է, Եվրոպական միության անդամ երկրները այս տարի որոշեցին Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, սակայն Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Արդյունքում՝ Հայաստանը ոչինչ չստացավ։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պարզելու՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս հարցով Հունգարիայի հետ առաջացած խնդիրը հաղթահարելու և հատկացված միջոցները հնարավորինս շուտ ստանալու համար, ի՞նչ արդյունքներ կան: Հարցրել էինք նաև, թե ՀՀ դեսպանության վերաբացումը Հունգարիայում ինչ կերպ է ազդել հայ-հունգարական հարաբերությունների վրա և ինչու չի հաջողվում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանին այս հարցում հասնել շոշափելի արդյունքների:

ՀՀ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տվել են ընդհանրական, ոչինչ չասող պատասխան: «ՀՀ ԵՄ համագործակցության հիմքում ընկած են բազմաթիվ նախաձեռնություններ և ծրագրեր, որոնց իրագործման համար շարունակ ներդրվում են երկուստեք ջանքեր: Դրանց թվում են նաև եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին տրամադրվող աջակցությունը, որը ունի կարևոր նշանակություն, և որի շուրջ քննարկումները շարունակվում են ինչպես ՀՀ ԵՄ, այնպես էլ ՀՀ ԵՄ անդամ պետությունների՝ այդ թվում և Հունգարիայի հետ երկկողմ ձևաչափով»:

Այսինքն, որևէ արդյունք, շոշափելի հանգուցալուծում չկա խնդրի կապակցությամբ. «գործադրվում են ջանքեր»: Իսկ այդ ճանապարհին 2025 թվականն անցնում է, և Հայաստանը փաստացի զրկվում է 100 մլն եվրո աջակցությունից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։