կարևոր
1021 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-08 15:42
Քաղաքական

Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը. Հայաստանյան շարժման անհրաժեշտությունը․ Անդրանիկ Թևանյան

Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը. Հայաստանյան շարժման անհրաժեշտությունը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ անհրաժեշտությունը

Արցախյան 1-ին պատերազմից հետո մեր գլխավոր խնդիրը պետք է լիներ հաղթանակը պահելը՝ պետականաշինությամբ, բանակաշինությամբ ու բարձր որակի հասարակության ստեղծմամբ: Հայաստանն ու Արցախը, ցավոք սրտի, չգնացին այդ ուղղությամբ: Այս կամ այն չափով առաջընթաց ունեցանք, բայց համակարգված գործողություններ չեղան: Թայֆայականությունը, ընտրակեղծարարությունը, դիլետանտիզմը, լկտիությունը, տնտեսության օլիգարխացումը, քաղաքականության ապաքաղաքականացումը, բարքերի անկումը դարձան դոմինանտային:

Պետությունն օտարվեց քաղաքացուց, առաջացավ արդարության սուր դեֆիցիտ, ունեցանք սոցիալական մեծ բևեռացվածություն, պետական ինստիտուտներն անհրաժեշտ մակարդակի չբարձրացան, քաղաքականությունն առևտրականացվեց, միջին վիճակագրական մարդը մնաց մենակ՝ իր խնդիրների դեմ կանգնած: Այս ամենի հետևանքը դարձավ Նիկոլ Փաշինյանը: Նա մեր երկրի բոլոր արատների խտացված մարմնավորումն է՝ կրթական ոլորտի տապալման դրսևորումը: Նա մեր պետության հիվանդության դիագնոզն է: Նաև՝ տիեզերական մասշտաբի խայտառակությունը:

Հիմա Նիկոլ Փաշինյանը հակապետություն է քարոզում:

«Մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի» կարգախոսն իր ավերածությունները գործեց: Արցախը դավաճանաբար հանձնվեց Ադրբեջանին: Էստաֆետն անցել է «Հայաստանի Հանրապետությունը հանուն ոչնչի է» կարգախոսին: Այդ կարգախոսի շրջանակներում ՀՀ քաղաքացուց ուզում են ստանալ պարտվող, ստամոքսային մտածողություն ունեցող, մենքի զգացողություն չունեցող կենսաբանական տեսակ: Այդպես Նիկոլի համար ավելի հեշտ կլինի թուրք-ադրբեջանական պահանջները բավարարելն ու սեփական կաշին փրկելը:

Նիկոլը պարտության խորհրդանիշն է ու այդպիսին ուզում է դարձնել ՀՀ-ն ու ՀՀ «հպարտ» քաղաքացուն: Իր ու իր կողակցի գլխավոր կարգախոսը «Պարտվելը նորաձև է»-ն է: Այդ պարտությունը, ըստ նրանց, պետք է արձանագրվի բոլոր ոլորտներում: Պարտությունը պետք է ընկալվի որպես կենսակերպ ու բնական:

Մեր խնդիրն այդ հակապետական կարգախոսները ջարդելն ու հաղթողի կոդ մտցնելն է:

Որպես հաղթանակ պետք է դիտարկվի իրական խաղաղություն հաստատելը, երկրի անվտանգություն ապահովելը, միջազգային հարաբերություններում սուբյեկտ դառնալը, վստահելի դաշնակից դառնալն ու պատասխանատու դաշնակից ունենալը, տնտեսություն զարգացնելը, մարդկանց սոցիալական խնդիրները հաղթահարելը, մենքի ու պետության զգացողություն մտցնելը: Այս ամենի կարևոր նախապայմանն իշխանափոխությունն է: ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ հենց դրա համար է անհրաժեշտ»: