կարևոր
1222 դիտում, 2 օր առաջ - 2025-06-06 18:47
Քաղաքական

Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններն անընդունելի են. Իրանի նախագահ

Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններն անընդունելի են. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններն անընդունելի են, իսկ միասնությունն ու բարեկամությունն օգնում են նրանց ամրապնդել անվտանգությունն ու զարգացումը ողջ Արևմտաասիական տարածաշրջանում, հայտնում է Mehr-ը։

Իրանի նախագահն այս հայտարարություններով հանդես է եկել Արևմտյան Ադրբեջան նահանգում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ միջազգային համաժողովի համակարգող խորհրդակցությանը մասնակցելիս։

Հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան նահանգի մայրաքաղաք Ուրմիայում՝ հունիսի 11-12-ին նախատեսված համաժողովի նախօրեին։

«Օգտագործելով առկա տարաձայնությունները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թալանում է նավթային ռեսուրսները և ռազմական տեխնիկայի վաճառքի հաշվին ձգտում է ուժեղացնել անկայունությունը», - ասել է նա։

Իրանի նախագահը հավելել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ընդունեն, որ ԱՄՆ-ը «չի ցանկանում մահմեդականների միջև միասնություն»։

Նա ընդգծել է, որ միասնությունն ու բարեկամությունը կօգնեն տարածաշրջանի երկրներին ապահովել անվտանգությունը և նպաստել զարգացմանը Արևմտյան Ասիայում։

Փեզեշքիանը նաև անդրադարձել է Գազայի հատվածում շարունակվող պատերազմին և ասել, որ պաղեստինյան տարածքում տեղի ունեցողը ռազմական հանցագործություն է։ Այսօր նրանք, ովքեր պնդում են, որ պաշտպանում են մարդու իրավունքները, շարունակում են արգելափակել սննդի և դեղորայքի մատակարարումը դեպի պաշարված Գազայի հատված, հավելել է նա։ Իր ելույթում Փեզեշքիանը նաև զգուշացրել է, որ «հակառակորդները փորձում են դժգոհություն սերմանել Իրանի հասարակության մեջ», և խորհուրդ է տվել «ձեռնպահ մնալ սխալ որոշումներ կայացնելուց», որոնք, ըստ նրա, կարող են խորացնել թշնամական ջանքերը։