կարևոր
2581 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-27 15:54
Հասարակություն

ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը

ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը

Պետական եկամուտների կոմիտեն պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսային կետի կառուցման նախագիծը։ Այս մասին հայտում է «Հետք» պարբերականը։

Նշվում է, որ ՊԵԿ-ը հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսային կետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 28 մլն 291 հազար դրամ։ ՊԵԿ-ի և այդ ընկերության միջև կնքված պայմնագիրը հրապարակվել է Ֆինանսների նախարարության armeps.am էլեկտրոնային հարթակում։

ՊԵԿ-ը գնումն իրականացրել է «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, որի անցկացման թույլտվությունը կառավարությունից ստացել էր 2023 թվականի ապրիլի 21-ին՝ գործադիրի ընդունած որոշմամբ։ Նախագծի կազմումից հետո սկսվելու են շինարարական աշխատանքները, որն իրականացնելու է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային հատվածը կառուցած «Արտկոն» ՓԲԸ-ն:

Շինարարական աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների և գույքի արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողությունները, նախագծի փորձաքննությունը, խոշորացված հաշվարկներով, ըստ ՊԵԿ-ի, կազմելու է 732 մլն 805 հազար դրամ։

ՊԵԿ-ի և «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ «Մարգարա» մաքսակետում նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, ավտոմեքենաների ձևակերպման երկու տաղավար, հերթափոխի հանգստի երկու տաղավար, մեկհարկանի զննման մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներտարածքային ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և մեկհարկանի պահեստային մասնաշենք։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ նախագիծը մշակող «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականի փետրվարի 15-ին։ Ընկերության սեփականատերն ու տնօրենը ճարտարագետ Արբակ Հովհաննիսյանն է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ, մաքսակետի կառուցման համար Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանին որոշել էր Մարգարա գյուղում գտնվող վարչական շենքերից մեկը, հյուրանոցի շենքն ու մոտ 2 հա հողատարածք նվիրատվությամբ հանձնել Պետական եկամուտների կոմիտեին։

Արմավիրի մարզի Մարգարա և Թուրքիայի Ալիջան (թուրք․՝ Աշաղիալիջան) գյուղերը գտնվում են իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Գյուղերը և ընդհանրապես պետությունները իրարից բաժանում է Արաքս գետը, որի վրա 1964թ․ կառուցված կամրջի վրայով էլ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կիրականացվի տրանսպորտային փոխադրումները։